Ռուսաստանը վերացրել է Հայաստան Վերին Լարսի անցակետով փայտի և չվերամշակված փայտանյութի մատակարարումների սահմանափակումը
Ռուսաստանը վերացրել է Հայաստան Վերին Լարսի անցակետով փայտի և չվերամշակված փայտանյութի մատակարարումների սահմանափակումը: Այդ մասին հաղորդվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում:
Նշվում է, որ մատակարարման հնարավորությունը վերսկսվել է հունիսի 8-ից: Համապատասխան որոշումը կայացրել է Ռուսաստանի կառավարությունը:
Արտահանումը ժամանակավորապես դադարեցվել էր 2017 թվականի դեկտեմբերի 31-ից, քանի որ հատուկ նորմը, որը հաստատվել էր Ռուսաստանի օրենսդրությամբ, կորցրել էր ուժը:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության այդ քայլը, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, հաստատում է երկրի մտադրությունը հետևելու եվրասիական պայմանավորվածություններին:
Առաջին անգամ փայտանյութերի տեղափոխման սահմանափակումը Ռուսաստանի Դաշնության կողմից վերացվել է 2017 թվականի հունվարին: Այդ ժամանակ ռուս և հայ գործարարները հնարավորություն են ստացել 2017 թվականի հունվարի 7-ից դեկտեմբերի 31-ը Հայաստան ուղարկել փայտանյութեր Վերին Լարսի անցակետով: Նոր կարգավորումը նման հնարավորություն է տրամադրում անժամկետ:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանից փայտանյութերի մատակարարումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար, նախևառաջ՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Բացի այդ, ընդունված քայլը նպաստում է միության բոլոր երկրների առևտրային հարաբերությունների զարգացմանը:










