Թրամփը Հս. Կորեայի «լավ ապագայի» մասին հոլիվուդյան ոճի տեսանյութ է ցուցադրել Կիմ Չեն Ընին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղադրել է ֆիլմի թրեյլերի ոճով պատրաստված տեսանյութի հղումը, որը նա ցույց է տվել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին Սինգապուրում գագաթնաժողովի ժամանակ, հայտնում է vox.com-ը:
«Ահա «Մեկ հնարավորության պատմություն» տեսանյութը, որը ես ցուցադրել եմ Կիմ Չեն Ընին Սինգապուրում գագաթնաժողովի ժամանակ»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդին տեսանյութ է ցույց տվել iPad-ով այն մասին, թե ինչպիսին կարող էր լինել ԿԺԴՀ-ի ապագան, և պատմել է այդ երկրում տեխնոլոգիական և տնտեսական զարգացման, մասնավորապես՝ անշարժ գույքի ոլորտում հիանալի հեռանկարների մասին:
Մոտ չորս րոպե տևողությամբ տեսանյութում ներկայացվում են ժամանակակից քաղաքակրթության ձեռքբերումները, իսկ սև-սպիտակ գույներով՝ Հյուսիսային Կորեայից կադրեր:
Հեղինակի ձայնը պատմում է, որ լինում են առաջնորդներ, որոնք կարող են փոխել պատմության ընթացքը և նոր պատմության հիմք դնել: Էկրանին ցուցադրվում են Թրամփը և Կիմ Չեն Ընը:
«Երկու առաջնորդ, մի ճակատագիր»,- հավելում է հեղինակը:
«Երբ պատմությունը մարդուն հնարավորություն է ընձեռում, որն այլևս չի լինի, ի՞նչ կընտրի նա: Կարող է լինել միայն երկու ելք, մեկը՝ շարժվել հետ: Մյուսը՝ շարժվել առաջ: Այսօր կարող է նոր աշխարհի սկիզբը լինել, բարեկամության, հարգանքի և բարի կամքի աշխարհի»,- ասում է հեղինակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է. «Հանդիպումն անցավ շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր ակնկալել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ են ստորագրել: Արարողությունը կայացել է Սենտոսա կղզում գտնվող «Կապելա» հյուրանոցում: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պատրաստ են նոր հարաբերությունների և խաղաղության:










