Պետությունն ի զորու է իր ուժերով շահագործել «ԲԷՑ»-ը, ավելին՝ ունենալ ավելի լավ կառավարման համակարգ. էներգետիկայի նախարար
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը ռազմավարական նշանակության մեծ օբյեկտ է, այդ կառույցը հանձնել մասնավորին, այն էլ 25 տարի ժամկետով՝ նույն մասնավորեցումն է, ոչ մի տարբերություն չեմ տեսնում դրանում, պետությունն ի զորու է իր ուժերով շահագործել ընկերությունը, դեռ ավելին՝ ունենալ ավելի լավ կառավարման համակարգ: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության 2017 թ. համապատասխան որոշմանը, համաձայն որի՝ «ԲԷՑ»-ը պետք է հանձնվի հավատարմագրային կառավարման:
««Բարձրավոլտ էլեկտրացանցերում» պետք է տեղի ունենային օպտիմալացում, ծախսերի խնայողություն, տնտեսում և նմանատիպ այլ գործառույթներ, որոնք անմիջական կապ ունեին բարեփոխված արդյունավետ կառավարման համակարգի հետ: Այդ հիմնավորումները, որ պետք է լինեն օպտիմալացում, տնտեսում, խնայողություն և մի շարք այլ տնտեսական հաշվարկներ, մենք ի զորու ենք կատարել: Մենք գնալու ենք այդ քայլին»,-հայտարարել է նախարարը:
Նա հիշեցրել է, որ ժամանակին «ԲԷՑ»-ը աշխատում էր և աշխատում էր վնասով: Մի քանի հանգամանքով է դա պայմանավորված եղել: Բայց վերջին 3-4 տարիների ընթացքում «ԲԷՑ»-ն աշխատել է օգուտով: «Սակագնի մեջ ներառված է իր մարժան, և վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել են հասնել դրական սալդոյի: Հավատարմագրային կառավարման հիմնավորումը «ԲԷՑ»-ում այն է, որ իրենք կարող են տնտեսել լուրջ միջոցներ, կարող են կատարել խնայողություններ, սակայն, քանի որ «ԲԷՑ»-ն օգուտով աշխատող կառույց է, պետական կառավարման համակարգն ի զորու է իր ուժերով և իր լծակներով նույնպես գրանցել այդ արդյունքը»,-ասել է նախարարը:
Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ վերջերս ինքն անձամբ հանդիպել է մի շարք միջազգային կառույցների՝ «Ասիական զարգացման բանկի», «Եվրոպական ներդրումների բանկի» ղեկավարների հետ, որոնք իրենց կամքն են արտահայտել «Բարձրավոլտ էլեկտրացանցերում» խորհրդատվական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կձևավորվի ճիշտ, արդյունավետ կառավարման համակարգ:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը՝ նախարարն ասել է. ««ՀԷՑ»-ի հետ բանակցությունների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ այս պահին հնարավորություն կա, որ ՀԷՑ-ն իր շահույթի հաշվին առնվազն 10 դրամով էժանացնի սակագինը, բայց դա կվերաբերի միայն անապահով ընտանիքներին, որոնք ընդամենը 110-120 հազար են: Այդ գործառույթը կարող էր նաև իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց, հաշվի առնելով, որ «ՀԷՑ»-ում այս պահին լուրջ բարեփոխումներ են սկսվել, և կա երկարատև ներդրումային ծրագիր, ունեին վարկունակության և միջազգային կառույցներում իրենց հեղինակությունը պահելու խնդիր, փորձեցինք պետական լծակներով չմիջամտել գործընթացին: Իրենց կողմից կամովին առաջարկություն եղավ, որ իրենց շահույթի հաշվին նվազեցնեն անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով»: Արթուր Գրիգորյանն ընդգծել է, որ ներկայումս հարցը կառավարությունում է, քննարկման ընթացքում կլինի վերջնական եզրակացություն և կհրապարակվի:
Գազի, ջրի, էլեկտրաէներիգիայի կորուստների մասին խոսելով՝ նախարարն ասել է, որ պետությունն այստեղ ունի ռեֆորմների ներուժ: Նրա ձևակերպմամբ՝ դա երկար տարիներ քննարկված թեմա է: «Խնդիրը հետևյալն է. հանրության մոտ կա թյուր կարիք և կասկածամտություն, որ եթե պետության կողմից կառավարվող ներկայացուցիչը հայտարարում է մի բան՝ սուտ է ասում կամ շեղում է բուն երևույթից: Հիմա իրավիճակն արդեն մեզ ստիպում է, որ մենք գնանք թափանցիկ, հրապարակային աշխատելաոճի: Պատրաստ ենք, ինքս այդ հանձնառությունը վերցրել եմ ինձ վրա՝ իմ լիազորությունների շրջանակում ուսումնասիրել, ճիշտ վերլուծություն անել և հրապարակային ելույթ ունենալ: Եթե մենք կհայտնաբերենք, կգտնենք, որ կորուստների ճիշտ չափ չի ներկայացվում, կան ուռճացված թվեր՝ ամբողջը վերանալու է: Չեմ կարող այսօր հայտարարել՝ այդ հետազոտության արդյունքում սակագների փոփոխություն կլինի, թե ոչ, դա կթողնենք անկախ պետական մարմնին՝ ՀԾԿՀ-ին, որը համապատասխան որոշում կկայացնի, բայց մենք այսօր պարտավոր ենք գնալ այդ քայլին»,-եզրափակել է նա:










