Բրազիլիայում փառատոնի ժամանակ լուսանկարիչը հայտնվել է ձիերի սմբակների տակ՝ փորձելով լավ կադր ստանալ (լուսանկարներ, տեսանյութ)
Բրազիլիայի Մարաժո կղզում ձիարշավի ամենամյա փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է ոչ միայն ականատեսների, այլ նաև համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, փառատոնի ժամանակ լուսանկարիչ Միգել Արկանջո Պաչեկոն դուրս է եկել ճանապարհի վրա՝ վազող ձիերին լուսանկարելու համար, սակայն արդյունքում նա ոչ թե գեղեցիկ կադրեր, այլ մի շարք վնասվածքներ է ստացել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 42-ամյա տղամարդն անշարժ կանգնել է արշավի մասնակիցների ճանապարհին և ընկել վազող ձիերի սմբակների տակ, ինչի հետևանքով գլխի, ծնոտի և ողնաշարի լուրջ վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչները քննադատել են Միգելի պահվածքը՝ ասելով, որ ձիերը կարող էին վերահսկողությունից դուրս գալ և վնասել տարածքում գտնվող մյուս մարդկանց:
Լուսանկարչին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա բուժօգնություն է ստանում:
Միջադեպը տեղի է ունեցել Մուանա մունիցիպալիտեում, որի իշխանությունները հայտնել են, որ ապագայում իրենք պլանավորում են պատնեշներ տեղադրել ձիարշավի անցկացման վայրում:
«Մենք մտադիր ենք պատնեշներ տեղադրել՝ ամբոխը վերահսկողության տակ պահելու համար: Մենք չենք կարող թույլ տալ միջադեպի կրկնություն, քանի որ հաջորդ անգամ այն կարող է մահացու հետևանքներ ունենալ», - նշել են իշխանությունները:














