Այս հեղափոխության միակ արժանիքը կարող է լինել այն, որ մտքի փոփոխություն եղած լինի մեր մեջ. Մ. Հայրապետյան
Այս հեղափոխության միակ արժանիքը կարող է լինել այն, որ մտքի, հոգևոր փոփոխություն եղած լինի մեր մեջ: Մենք վերջապես պետք է կտրենք այդ կոմունիստական մտածողության պորտալարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը 1949թ. հունիսի 14-ին բռնադատվածների հիշատակի միջոցառմանը:
Նրա խոսքով՝ բացի 1949 թ-ի զանգվածային աքսորից բռնադատումներ եղել են 1920 և 1937 թթ-ին. «Սրանք կոմունիստական շրջանի բռնադատվածներն էին: Բռնադատությունները սկսվեցին հենց կոմունիզմի արշալույսից՝ 1920 թ-ի փետրվարից, երբ կացնահարեցին մեր սպաներին, ազնվականներին»,- ասաց նա:
Միքայել Հայրապետյանը նշում է, որ Հայաստանի տարածքում բռնադատումներն ընդհանրապես պետք է բացառվեն:
«Ես ուրախ եմ, որ մեր վերջին բռնադատվածներից մեկը՝ Ժիրայր Սեֆիլյանը, երեկ ազատ արձակվեց: Եվ ես երանի կտամ այն օրվան, երբ մեր ժողովրդի լուսավոր զավակներից մեկը՝ Շանթ Հարությունյանը, ազատության մեջ կհայտնվի»,- հայտնեց նա:
Ինչ վերաբերում է ներկայիս կառավարության գործունեությանը, մասնավորապես ԱԱԾ-ի կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը, Պահպանողական կուսակցության նախագահը նկատեց. «Անվտանգության ծառայությունը պետության անվտանգությամբ պետք է զբաղվի և ոչ թե այն ամենով, ինչը ներքին գործերը պետք է անեն»:
Անդրադառնալով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ընդունման որոշմանը՝ Մ. Հայրապետյանն ընդգծեց. «Ես ուրախ եմ, որ նման ճկուն, խելացի որոշում կայացրեց կառավարությունը՝ պարտադիր կուտակայինի հետ կապված: Մենք վերջապես արևմտյան երկրների նման քաղաքակիրթ երկիր պե՞տք է դառնանք, թե՞ պետք է մնանք սովետական գաղութատիրության ճիրաններում: Այդ առումով սա ևս մեկ քայլ է՝ այդ ճիրաններից պոկվելու համար»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Պահպանողական կուսակցությունը» մասնակցելու է, բայց թե ինչ ձևով՝ դաշինքով, թե անհատապես, դեռևս հստակ չէ:
«Քննարկումներ անցկացնում ենք, բայց անլուրջ կլինի, եթե ասեմ, որ հստակ գիտեմ՝ ինչպես կմասնակցենք: Կմասնակցենք՝ այո, բայց միայնակ, թե դաշինքով, դա դեռ որոշված չէ: Բայց եթե դաշինքով, ապա անպայման գաղափարական՝ պահպանողական, մասամբ նաև ազատական, կենտրոնամետ ուժերի հետ թերևս»,- հայտնեց նա:
Հարցին, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումների մասնակցելու հրավեր եղել է «Պահպանողական» կուսակցությանը, Միքայել Հայրապետյանը պատասխանեց, որ առայժմ որևէ հրավեր չի եղել, բայց լինելու դեպքում անպայման կմասնակցեն:
Արդյոք ճիշտ մոտեցում է, որ միայն խորհրդարանական ուժերը կամ կառավարություն-ՀՀԿ ձևաչափով ընթանան ԸՕ փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, Պահպանողական կուսակցության նախագահը նշեց.
«Ես իրենց հասկանում եմ, որովհետև արտախորհրդարանական ուժերին հիմնականում ասում են մարդ-կուսակցություններ: Գուցե, այդ դիրքերից նայելով է, որ չեն հրավիրել քննարկումներ, այդքանով միգուցե արդարացված է: Բայց մենք գիտենք՝ ոչ մարդ-կուսակցությունների բազմամարդությունն ինչպես է ձևավորվում: Հիշո՞ւմ եք՝ Հայաստանի հսկայական զանգվածը ՀՀՇ-ական էր, պահը եկավ, և ՀՀՇ-ականները 2-3 հոգով մնացին: Հանրապետականներ են, հիմա կտեսնենք՝ տակը ինչ կմնա: Այնպես որ, մեր մեջից պետք է հանենք այդ մարքսիզմը, որ քանակական փոփոխությունն է բերում որակականի: Մենք վերջապես պետք է կտրենք այդ կոմունիստական մտածողության պորտալարը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










