Երկիրն այնպիսի ռելսի վրա պետք է դրվի, որ բացառենք քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալումը. Ռ. Պետրոսյան (տեսանյութ)

22:57 • 14.06.18

Երկիրն այնպիսի ռելսի վրա պետք է դրվի, որ բացառենք քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալումը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը 1949թ. հունիսի 14-ին բռնադատվածների հիշատակի միջոցառմանը:

Ռազմիկ Պետրոսյանի պապը ևս աքսորվել է խորհրդային տարիներին՝ Բաշ-ապարանի հերոսամարտին մասնակցելու և «Դաշնակցությանը» սատարելու համար: Նա նշում է, որ եթե բռնադատվածի ժառանգ չլիներ, միևնույն է՝ գալու էր հուշահամալիր. «Ինքս միշտ դեմ եմ ռեպրեսիաներին, և հիմա մեր բռնադատվածների հիշատակը վառ պահելը մեր պարտականությունն է:

Հիմա ՀՀ-ում, եթե քաղաքական հայացքների համար մարդիկ ձերբակալվում են, ուրիշ երկրներ չեն աքսորվում, գոնե տեղում են պահում: Ներկայումս ՀՀ-ում գտնվող քաղբանտարկայլիներին մենք բոլորս պետք է ազատության մեջ տեսնենք և հետագայում բացառենք նման երևույթները: Երկիրն այնպիսի ռելսի վրա պետք է դրվի, որ բացառենք քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալումը: Հակառակը, նրանք, ովքեր ունեն կամային հատկություններ, հակառակն են ասում. այդ բանավեճերի, հակադրվելու արդյյունքում մենք կարող ենք զարգացում ունենալ»,- ասաց Ռ. Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Նախիջևանի և Արցախի սահմանին հակառակորդի ակտիվացմանը, ազատամարտիկը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարության իշխանությունը պահելու հիմնական միջոցը Արցախի հիմնախնդրի շահարկումն է:

«Ադրբեջանն, իր ներքաղաքական իրավիճակից ելնելով, կարող է սրել իրավիճակը սահմանին: Բայց ես վստահ եմ, որ մենք ազատամարտիկներով այսօր շատ ավելի պատրաստ ենք՝ ազգովի բանակի կողքին կանգնելու և խնդիրներ լուծելու համար: Նախիջևանում, թե որևէ այլ հատվածում կատիվանա իրավիճակը, մենք պետք է պատրաստ լինենք, քանի դեռ Ադրբեջանը վերջնաականապես չի ընդունել իր կապիտուլյացիան»,- նկատեց նա:

Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը, որն այսօր տարվում է, բանակի «ողնաշարը ուղղում է»:  Ըստ նրա՝ եթե ՀՀ-ն ունենա հզոր տնտեսություն, կունենա նաև հզոր բանակ. «Հիմա մեր կառավարության որդեգրած քաղաքականությունը շատ հստակ է, նորմալ է, և մենք հենց այսպիսի երկիր ունենալու համար էինք կյանք դրել: Մեր զինվորներն էլ հենց այսպիսի երկիրը պաշտպանում են»:

2017 թ. խորհրդարանական ընտրություններում «Ազատամարտիկների դաշինքը» սատարում էր Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքին, իսկ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով դաշինքում դեռ հստակ որոշում չկա:

«Մենք միշտ ընդդիմության կողքին ենք եղել: Մենք միշտ սատարել ենք ընդդիմությանը, որ բարձրաձայնել է խնդիրները և այսօրվա համար են պայքարել: Մենք՝ ազատամարտիկներս, պայքարել ենք՝ նորմալ երկիր ունենալու համար: Երբ որ մենք տեսնենք՝ քաղաքական դաշտում մեր անհրաժեշտությունը կա, ուրեմն անպայման կսատարենք: Հիմա եթե իշխանության մեջ կզգանք որևէ սխալ բան, մենք բարձրաձայնելու ենք: Այստեղ խնդիրը ոչ թե որևէ քաղաքական ուժին սատարելն է, այլ մեր նպատակն է երկիրը բերել այն ռելսի վրա, հանուն որի մեր տղերքը կյանք են դրել»,- հայտնեց ազատամարտիկը:


Մանրամասները՝ տեսանյութում: