Կգա մի պահ, երբ Ռուսաստանն ինքը կհասկանա՝ ստիպված է լինելու վերանայել վարվող քաղաքականությունը. Ս. Սաֆարյանը՝ Պեսկովի հայտարարության մասին
Tert.am–ի հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրառանում է Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, որից տպավորություն կար, որ ՌԴ–ն ընդգծում է, որ ՀՀ-ից արցախյան հարցով բանակցողը պետք է լինի նախագահ Արմեն Սարգսյանը:
-Պարո՛ն Սաֆարյան, Պուտին-Փաշինյան հանդիպումից վայրկյաններ առաջ Ռուսաստանը Պեսկովի մակարդակով հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում տեղի չի ունենա, որովհետև Հայաստանից ֆուտբոլի առաջնությանը ժամանել է ոչ թե ՀՀ նախագահն, այլ՝ վարչապետը: Ստացվում է՝ հասկացնել է տալիս, որ իրենց համար նախընտրելի բանակցողը Արմեն Սարգսյանն է, այն պարագայում, որ Փաշինյանը բազմիցս ասել է, որ պատրաստ է բանակցել Ալիևի հետ՝ Հայաստանի ու մեր ժողովրդի անունից:
-Բազում պատճառներ կան, թե ինչու Ռուսաստանը կարող է նման ակնարկներ անել, որոնցից առաջինն այն է, որ Ալիևն է դրանից ահաբեկված, և որը չի ցանկանում բանակցել բարձր լեգիտիմություն ունեցող Փաշինյանի հետ: Նաև ասեմ, որ Ռուսաստանը կարող է նման բան ուզենալ, բայց միևնույն է՝ սա Ռուսաստանը չի որոշելու, այլ Հայաստանը, որն ունի բարձր լեգիտիմություն ունեցող առաջնորդ, որը Նիկոլ Փաշինյանն է:
Այլ բան է, որ Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը կարող է որոշել, որ օրինակ՝ Արմեն Սարգսյանը կարող է բանակցել: Իսկ Ալիևի համար ավելի լավ պայմանն այն կլիներ, որ նման հանդիպում կայանա մի կողմից՝ ժողովրդի կողմից «ընտրված» նախագահի՝ Ալիևի և մյուս կողմից՝ ոչ ժողովրդի կողմից ուղղակիորեն ընտրված Արմեն Սարգսյանի միջև: Հիմա կարելի է բազում մեկնաբանություններ տալ, թե Պուտինն ում է ուզում տեսնել բանակցող. Ռուսաստանն է ասում, թե ով բանակցի: Բայց միևնույն է՝ սա խնդիր է, որը Ռուսաստանը չի որոշելու՝ չնայած ակնարկներին, քանի որ թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը , թե՛ նաև մեր ժողովրդի կողմից լեգիտիմության բարձր աստիճանը և մանդատը տրվել են Նիկոլ Փաշինյանին: Եթե Հայաստանի կառավարությունը և Հայաստանի ԱԺ-ն որոշեն, որ Արցախի հարցով բանակցում է Արմեն Սարգսյանը, դա այլ հարց է:
Բայց, եթե նման բան ՀՀ-ի կողմից չի որոշվել, Ռուսաստանը ուզենա, թե ոչ, բանակցությունները վարելու է Նիկոլ Փաշինյանը: Հատկապես, երբ Մինսկի խմբի համանախագահները մինչև Ռուսաստան մեկնելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են և քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Եվ գործադիր իշխանության կրողը, այն էլ բարձր լեգիտիմությամբ, Նիկոլ Փաշինյանն է: Եվ նա կարող է որոշել, թե ով է բանակցելու:
-Հայաստանում իրողություններ են փոխվել, Ռուսաստանում՝ ոչ: Հետևաբար, ՌԴ-ն ՀՀ նոր իշխանությունների հետ չի կարող վարվել այնպես, ինչպես նախկինում՝ անել առաջարկներ, որոնցից հնարավոր չէ հրաժարվել:
-Վտանգավոր է Ռուսաստանի համար: Եվ ՌԴ ն սա հասկացավ ամսի 23-ին, երբ կար նախադեպ, թե ով շարունակի իրավահաջորդությունը: Մենք տեսանք, որ Կարեն Կարապետյանը խաղն ակնհայտորեն տանուլ տվեց, և այս առումով իրենք հասկանում են, որ հայ ժողովրդի ցանկությանը դեմ գնալն ուղղակի կբերի հակառուսական տրամադրություններ: Եվ հանուն արդարության սրա համար չպետք է մեղադրել նաև նախկին իշխանություններին, որովհետև Ռուսաստանն ինքն էր իր որդեգրած քաղաքականությամբ ավելի շատ գեներացնում հակառուսական տրամադրություններ Հայաստանում: Հետևաբար, եթե հրապարակավ նման պահանջ դրվի Փաշինյանի առջև, պատկերացնում եք, թե ինչ ռեակցիա կլինի հայաստանյան հանրության շրջանումւ: Բավականին խելամիտ են և հասկանում են, որ նահանջի հերթն իրենցն է:
-Իսկ ընդհանոր ի՞նչ տպավորություն ունեք հանդիպումից. Փաշինյանը խոսում էր այլ երկրների սովերենությունը հարգելու մասին: Նախկինում, կարծես, նման շեշտադրումներ չեն եղել:
-Եղել են, իրավահավասար հարաբերությունների կոնտեքստ կար: Բայց տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի և Պուտինի հարաբերությունների անգամ տեսանելի հատվածը լրիվ ասիմետրիայի մասին էր վկայում: Պուտինն ասում է առևտրատնտեսային հարաբերություններ, Հայաստանն առաջ է քաշում քաղաքական հարցեր՝ ինքնիշախանություն, իրավահավասար հարաբերություններ, հարաբերությունների խորացում և այլն:
Ու սա այն մասին է, որ այդ հարաբերություններից տարբեր ակնկալիքներ կան, իսկ ավելի ստույգ՝ Պուտինը չի ուզում խոսել այն բաների մասին, որոնցից խոսում է Նիկոլ Փաշինյանը, և հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն էլ՝ խոսել այն խնդիրներից, որոնց մասին խոսում է Պուտինը:
-Իսկ ընդհանուր Ձեր տպավորությամբ, սառույցը կոտրվե՞լ է, կար չէ՞ ընդունված մոտեցում, որ Լևոն Տեր-Պետրոսյանից հետո Հայաստանը գնալով մի տեսակ կրտսեր եղբոր կարգավիճակում է հայտնվում՝ եվրասիական լավագույն շրջանակներում: Հիմա այս հեղափոխությունից հետո ռուսական մեծապետական վերաբերմունքի փոփոխություն կա՞:
-Այս պահի դրությամբ Հայաստանը փորձում է այդ հարաբերությունները դուրս բերել աղճատված, դեֆորմացված վիճակից: Ռուսաստանը միգուցե կփորձի հին մեթոդներով գործել, բայց Հայաստանի կողմից վարվող քաղաքականության վեկտորը ցույց է տալիս, որ ամենևին ընդառաջ չի գնում այս հին իրողությունները պահպանելուն: Հետևաբար, դրա համար էի շեշտում, որ քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի բարձր լեգիտիմություն, այնուամենայնիվ, կգա մի պահ, երբ Ռուաստանն ինքը կհասկանա, որ ստիպված է լինում վերանայել վարվող քաղաքականությունը և իր դաշնակցային հարաբերությունների կոնցեպցիան, որն ամենևին չպետք է լինի ժողովուրդների բարեկամության շրջանակներում, առավել ևս՝ կրտսեր եղբայր-ավագ եղբայր կոնցեպտի:










