Հայտնի հաղորդավար Բուրդենը դիակիզման է ենթարկվել Ֆրանսիայում. The Daily Mail

17:38 • 14.06.18

Ամերիկացի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը դիակիզման է ենթարկվել Ֆրանսիայում, հաղորդում է The Daily Mail-ը:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Բուրդենի աճյունամոխիրը պետք է ուրբաթ հետ վերադարձվի ԱՄՆ:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ բժշկական փորձագետները եզրակացության են եկել, որ Բուրդենի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չկա:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ հայտնի է դարձել, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ CNN-ի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:

Բուրդենը գտնվում էր Ֆրանսիայում և աշխատում էր իր հաղորդաշարի առաջիկա հաղորդման վրա: Նրա մոտ ընկերը՝ ֆրանսիացի խոհարար Էրիկ Ռիպերտը, Բուրդենին մահացած է հայտնաբերել ուրբաթ առավոտյան՝ նրա հյուրանոցային համարում:

Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը: Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը: