ԵԱՏՀ-ն մեկուկես տարով հետաձգել է տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի ներդրումը. «Իզվեստիա»
Առաջիկա մեկուկես տարում դեռ հնարավոր կլինի ձևակերպել տրանսպորտային միջոցների թղթե անձնագրեր: Ինչպես «Իզվեստիա»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում, մեքենաների համար ավելի վաղ նախատեսվող էլեկտրոնային անձնագրերի պարտադիր ներդրումը հետաձգվել է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստին որոշում է կայացվել մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման հետ մեկտեղ երկարաձգել տրանսպորտային միջոցների թղթե անձնագրերի ձևակերպման հնարավորությունը:
Նշվում է, որ այդ որոշման պատճառը «ԵԱՏՄ պետություններին ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային սեգմենտների ստեղծման ուղղությամբ աշխատանքներն ավարտելու հնարավորություն տրամադրելն է»: Կոլեգիայում չեն նշել, թե ԵԱՏՄ որ երկրներն են պնդել անցումային շրջանը երկարաձգելու հարցում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ համակարգը պատրաստ չէ Հայաստանում, Ղրղզստանում և Բելառուսում:
«Թղթե անձնագրերի ձևակերպման հնարավորությունը թույլ կտա տրանսպորտային միջոցներ արտադրողներին, սպառողներին, բիզնես համայնքին, ապահովագրական ընկերություններին, բանկերին և մյուսներին ավելի լիարժեք պատրաստվել էլեկտրոնային անձնագրերի ձևակերպմանը»,- նշել են հանձնաժողովի կոլեգիայում:










