Գլենդեյլի քաղաքային խորհուրդը քվեարկել է փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու օգտին
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլի քաղաքային խորհուրդը երեքշաբթի պատմական որոշում է կայացրել Արցախի Հանրապետության պատվին քաղաքի Մերիլենդ պողոտայի՝ Հարվարդ և Ուիլսոն փողոցների միջև ընկած հատվածն Արցախի փողոց վերանվանելու մասին, հայտնում է Los Angeles Time-ը:
«Վաղուց ժամանակն է համեստ չափերի փողոց ունենալ ամերիկահայ համայնքի պատվին»,- ասել է խորհրդի անդամ Արա Նաջարյանը:
Հաղորդվում է, որ որոշմանը նախորդել են շաբաթներ տևած բանավեճերը բիզնեսի սեփականատերերի, Գլենդեյլի բնակիչների և Միացյալ հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստների միջև: Վերջիններս էլ հենց փետրվարին հանդես էին եկել անվանափոխության առաջարկով:
Քաղաքային խորհրդի հանդիպումը բազմամարդ է եղել, ինչի պատճառով պաշտոնյաները հնարավորություն են ստեղծել հանդիպմանը հեռարձակմամբ հետևելու համար: Ներկաների մեծ մասը Միացյալ հայ երիտասարդական կազմակերպության անդամներ են եղել:
Ընդունված բանաձևով նախատեսվում է նաև բիզնեսների համար 131.000 դոլարի հատկացում՝ փողոցում տեղակայված 131 բիզնեսներից յուրաքանչյուրի համար 1000-ական դոլարով նոր հասցեների վերատպության ծախսերի փոխհատուցման նպատակով: Նշվում է, որ բիզնեսները մեկ տարի ժամանակ կունենան փոփոխությունները կատարելու համար:
Մարտին հաղորդվել էր, որ Գլենդեյլի քաղաքային խորհուրդն անցկացրել է քվեարկություն, որի շրջանակում միաձայն որոշվել է տալ փողոցներից մեկն Արցախի փողոց վերանվանելու գործընթացի մեկնարկը:










