Մինչև 2020թ Արցախում պետք է լինի անկուսակցական նախագահ, ով կապահովի ազատ ու արդար ընտրություններ. Հայկ Խանումյան

20:37 • 14.06.18

Արցախում հանրահավաքները շարունակվելու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

Նա նշեց, որ երեկ ոստիկանությունը շրջապատել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը, բայց իրենք հանրահավաք անցկացրին այլ վայրում: «Ասում են, որ Բակո Սահակյանը հոգեբանորեն ծանր է տանում հանրահավաքները, սթրեսի մեջ է ընկնում, մենք էլ ասում ենք՝ դե ուրիշ վայրում կանենք»,- ասաց պատգամավորը:

Հ. Խանումյանը նշեց, որ հանրահավաքների վերջնական նպատակը  2020թ.-ի ընտրություններն ազատ ու արդար անցկացնելն է, որպեսզի բոլոր կուսակցությունների համար ստեղծվեն հավասար պայմաններ:

«Այնինչ, Բակո Սահակյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունն այն ուժերն են, որոնք սահմանադրական փոփոխություններ են անցկացրել և չեն կարող ապահովել ազատ ու արդար ընտրություններ: Թե՛ նախագահը, թե՛ ԱԺ նախագահը պետք է փոխվեն: Պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ի վիճակի են ապահովել նման ընտրությունների անցկացում»,- նշեց արցախցի պատգամավորը:

Հարցին՝ իշխանափոխությո՞ւն եք պահանջում, նա պատասխանեց. «Ոչ թե իշխանափոխություն, այլ՝ փոփոխություն: Իշխանությունը պետք է ստանձնեն այնպիսի ուժեր, որոնք 2020թ.-ին բոլոր կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելու հավասար պայմաններ կապահովեն: Մինչև 2020թ.-ը պետք է լինի մի նախագահ, ով կլինի ոչ կուսակցական, ընդունելի բոլորի համար, հեղինակություն վայելող և կպատրաստի երկիրը ընտրություններին»:

Հայկ Խանումյանը նշեց, որ երբ զրուցում է համակարգի ներկայացուցիչների հետ, իր համար պարզ է դառնում, որ Բակո Սահակյանի «սուրբ» կերպարը, որը ստեղծվել էր տարիների ընթացքում, աստիճանաբար ընկրկում է:

«Բոլորը հասկանում են, որ երկրում ստեղծված իրավիճակի ամենամեծ մեղավորը հենց Բակո Սահակյանն է»,- շեշտեց նա:

Թե որքա՞ն մարդ պետք է հավաքվի փողոցում՝ փոփոխություն իրականացնելու համար, Հայկ Խանումյանն ասաց, որ անգամ մինչև հանրահավաքի անցկացումը իշխանությունը ճնշվեց, ինչի վառ ապացույցը Բակո Սահակյանի հայտարարությունն էր, որ 2020թ.-ին ինքը չի առաջադրվելու:

«Հանրային ճնշումն ամեն դեպքում պետք է մեծացվի: Դժվար է ասել, թե որքան մարդ պետք է դուրս գա փողոց, որ հասնենք վերջնական արդյունքի: Ամեն դեպքում պարզ է, որ Բակո Սահակյանը, ով իր հագով կարել էր սահմանադրությունը, պետք է հեռանա»,-ասել է Խանումյանը։