ԿԳ նախարարը փաստեր էր ցանկանում, ես կներկայացնեմ՝ Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում 2 անձ ստացել է 12 գրանտ. Ս. Խուդոյան
Այսօր մամուլի ասուլիսին հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, անդրադառնալով գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի վերանշակմանը, ասաց, թե հաշվի առնելով, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փաստեր էր ցանկանում այդ պաշտոնյայի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապի մասին, ինքը կներկայացնի փաստեր:
«Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Արզումցյան, ովքեր Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Երկու պատճառ կարող է լինել. կա՛մ այս մարդիկ խոշոր գիտնականներ են, և անընդհատ պետք է նրանց աջակցել, որ համաշխարհային գիտությունը հանկարծ չտուժի, կա՛մ նրանք Սամվել Հարությունյանի ընկերներն են, ինչը փաստերը ցույց են տալիս»,-ասաց նա:
Նա նշեց, որ գրեթե համոզված է, որ իրականում այստեղ պատճառը ոչ թե ընկերության նկատմամբ սերն է, այլ շահն է: «Այսինքն՝ այն տրամաբանությունն է, որ ես քեզ օգնում եմ փող աշխատել, որ դու նալոգներ տաս»,-ասաց նա:
Սամվել Խուդոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին պետք է հարցնել, թե ինչու Սամվել Հարությունյանը մնաց իր պաշտոնին:
Անդրադառնալով ԲՈՀ նախկին ղեկավար Լիլիթ Արզումանյանի պաշտոնից ազատմանը, Սամվել Խուդոյանն ասաց, որ Լիլիթ Արզումանյանը միակ պետական պաշտոնյան էր, ով պայքարում էր գրագողության դեմ:
«Լիլիթ Արզումանյանը վերացրեց կոռուպցիան, ես շատ վշտացած եմ, որ նա չէ»,-ասաց նա:
Իսկ նորանշանակ ԲՈՀ ղեկավար Սմբատ Գոգյանի նշանակման վերաբերյալ Սամվել Խուդոյանն ասաց. «Նշվում է, թե նա տաղանդավոր գիտնական է, հիմա ի՞նչ, ուզում են կործանել տաղանդավոր գիտնականին, դարձնել վարչական աշխատո՞ղ, որ տաղանդավոր գիտնականը փոխի իր աշխատանքը պաշտոնի հե՞տ: Այդ տղան, եթե իսկապես տաղանդավոր է, գա պաշտոնի, իրեն կկործանի»:
Ըստ նրա, եթե Լիլիթ Արզումանյանին եթե չեն վերանշանակում, ապա պետք է գոնե նշանակեին տեղակալ, որ երիտասարդին ուղղություն տա:
Նա նշեց, որ միանգամից հիասթափվել է նոր իշխանության՝ գիտության ոլորտում արած քայլերից:
Տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը, նախ անդրադառնալով Սամվել Հարությունյանի նշանակմանը, նշեց, որ Սամվել Հարությունյանի ամենամեծ քննադատն ինքն է եղել, սակայն արդարության համար ասաց, որ կոռուպցիայի հարց չի տեսել:
Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի ղեկավարի նշանակմանը, նա նշեց, որ իշխանության քայլը վիրավորական է, և Լիլիթ Արզումանյանի դեպքը ցնցել է իրեն:
«Ասում են, որ նա տաղանդավոր է, երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք Facebook-ում դրված իր նկարները... Ասենք թե ես նատուրալիստ եմ, պետք է իմ տկլոր նկարնե՞րը դնեմ ֆեյսբուք: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը»,-ասաց նա և նշեց, որ բոլոր գիտնականները վիրավորված են:
Ըստ նրա՝ նորանշանակ ղեկավարը Լիլիթ Արզումանյանից շատ սովորելու բան ուներ:
«Այսքան անտակտ բանն անսպասելի էր, ես այս հեղափոխության ամենասիրահարն էի, բայց նման բանն ընդունելի չէ: Այս երիտասարդը պետք է անալիզի ենթարկի իր պահվածքը և հասկանա, որ գործ ունի գիտնականների հետ: Ես գտնում եմ, որ Լիլիթին պետք է վերականգնել, և երիտասարդն իր ձեռքի տակ պետք է պրակտիկա անցնի»,-ասաց նա:










