ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց կալանքից
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանն ու Անուշ Մխիթարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեցին ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Մելքոնյանի պաշտպանները միջնորդեցին Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, դատախազը չառարկեց:
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց միջնորդությունը: Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց կալանքից, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ զավթել է շենքեր և տրանսպորտի միջոցներ, ինչպես նաև նույն եղանակով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց։










