«Խմեցինք ռուս-հայկական բարեկամության կենացը». Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ

16:42 • 14.06.18

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է այս օրերին Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Սիմոնյանը հայտնել է իր թվիթերյան էջում:

«Հենց հիմա ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց է տվել մեր հեռուստաալիքին, իսկ հիմա ճաշի սեղանի շուրջ ես կենաց բարձրացրի ռուս-հայկական բարեկամության համար ու հետաքրքրվեցի՝ ինչ է նա մտածում դրա շուրջ: Նա ասաց, որ հիմա հարաբերությունները կլինեն ավելի լավ, այլ ոչ ավելի վատ: Եվ նա վստահ է, որ դրանք արդեն լավացել են: Հենց դրա կենացն էլ խմեցինք»,-գրել է Սիմոնյանը:

Դրան կից հայուհին հրապարակել է այն գինու լուսանկարը, որն իրենք ճաշակել են:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունիսի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետին դիմավորել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը: 

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եղել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում, մասնակցել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: