ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներն իրենք են զանգահարել Նիկոլ Փաշինյանին. ռուս պրանկերները մանրամասներ են պատմել (տեսանյութ)
Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) մանրամասներ են պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ զրույցի մասին: Ինչպես «Комсомольская правда»-ին պատմել է Վովանը, զրույցը հենց իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ոչ թե նրանք են զանգահարել ԵԱՀԿ, այլ Գրեմինգերի ներկայացուցիչներն են զանգել իրենց:
«Մեր հեռախոսահամարն արդեն շրջում է եվրոպացի պաշտոնյաների գրասենյակներում, միայն թե նրանք չգիտեն, որ հեռախոսահամարը պատկանում է պրանկերների: Մենք խնդիր չէինք դրել շփվել ԵԱՀԿ ղեկավարի հետ, բայց մեզ ԵԱՀԿ ղեկավարի ներկայացուցիչները զանգահարեցին արտասահմանյան համարից: Նրանք կարծում էին, թե զանգում են Փաշինյանի ընդունարան: Մեզ խնդրեցին կազմակերպել Գրեմինգերի և Հայաստանի վարչապետի զրույցը: Դե, մենք զարմացանք, բայց առաջարկից չհրաժարվեցինք»,- պատմել է Վովանը:
Ինչպես rbc.ru-ին հայտնել է պրանկեր Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս), իրենք փորձել են ի թիվս այլ հարցերի նաև «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա» գործակալության ղեկավար Կիրիլ Վիշինսկիի ձերբակալության վերաբերյալ ԵԱՀԿ պաշտոնյայի անձնական դիրքորոշումն իմանալ:
Նա նշել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ավելի վաղ չի մեկնաբանել ռուս լրագրողի ձերբակալությունը, իսկ կազմակերպության դիրքորոշումն արտահայտվել է միայն ԶԼՄ-ների ազատության հարցերով իր ներկայացուցչի կողմից:
«Այնտեղ երկու խոսակցություն կա: Առաջինը եղել է անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ, իսկ երկրորդը՝ անցած շաբաթ»,- նշել է պրանկերը: Ստոլյարովի խոսքով՝ նրանք իսկապես շփվել են Գրեմինգերի հետ:
«Հայաստանի վարչապետն այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի շփվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ»,- ասել է Ստոլյարովը:
Զրույցի ձայնագրությունում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոսել է նաև ԶԼՄ-ների և Ուկրաինայում լրագրողների պաշտպանության կարևորության մասին: Նա նշել է, որ Վիշինսկիի հարցը ԵԱՀԿ՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի օրակարգում է:
Կայքը հիշեցնում է, որ Վիշինսկին ձերբակալվել է Կիևում մայիսի 15-ին, նա մեղադրվում է պետական դավաճանության համար:
Երեկ հաղորդվել է, որ ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ավելի վաղ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե:










