ԱԱԾ մամուլի քարտուղարը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, որ ձերբակալվել են «Երևան» հիմնադրամի տնօրենը և Դավիթաշենի թաղապետի տեղակալը
Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, որ «Երևան» հիմնադրամի կողմից չարաշահումների մասին ահազանգերի ու նախաքննության շրջանակներում ձերբակալվել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը և «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ը հաղորդել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ. Գ.-ից և Ա. Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:
Հիշեցնենք նաև, որ երեկ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվում էին խուզարկություններ, իրականացվում էին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Tert.am-ը զանգահարեց նաև Դավիթաշենի թաղապետարան՝ թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանի ընդունարան. հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ նա ձերբակալված է, գործավարուհին պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»:
Այնուամենայնիվ, Դավիթաշենի թաղապետի տեղակալն աշխատավայրում չէր, և գործավարուհին ասաց, թե նա սովորաբար այդ ժամերին լինում է տարածքներում:










