2016թ.-ին Սարի թաղում 7 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներն ազատ են արձակվել կալանքից
2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ Սարի թաղում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվողներն ազատ են արձակվել կալանքից:
Այսօրվա դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել է պաշտպանների միջնորդություններն ու կալանքից ազատ արձակել ամբաստանյալներ Կարեն Վանոյանին և Սարգիս Արաբաջյանին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Դատարանի որոշմամբ Կարեն Վանոյանն ազատ արձակվեց կալանքից, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Սարգիս Արաբաջյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց 1 մլն դրամ գրավը: Գրավը վճարելուց հետո իմ պաշտպանյալը ևս ազատ կարձակվի»,-ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Վանոյանին և Սարգիս Արաբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում, մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործով տուժող է ճանաչվել 7 ոստիկան:










