629 մարդ տեղափոխող Aquarius-ը հետ ուղարկելուց հետո Իտալիան ընդունել է 900 ներգաղթյալով նավը (լուսանկարներ)
Իտալիայի իշխանությունները հանգրվան են տրամադրել 937 փախստական տեղափոխող նավին՝ չնայած, որ մի քանի օր առաջ հրաժարվել էին ընդունել 629 լիբիացի փախստական տեղափոխող Aquarius նավը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Էրիթրեայից, Սուդանից, Մալիից, Գվինեայից ու Փղոսկրի ափից եկած փախստականները գտնվել են Diciotti նավում, որը հանգրվանել է սիցիլիական Կատանիա քաղաքի ափին: Ինը հարյուր երեսունյոթ մարդուց 208-ը երեխաներ են, կան նաև տասից ավելի հղիներ:
Հայտնի է, որ ավելի վաղ Ֆրանսիան քննադատել էր Իտալիայի նոր ձևավորված կառավարությանը՝ Aquarius-ը չընդունելու համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իտալական կողմի որոշումը որակել էր որպես «ցինիկ ու անպատասխանատու քայլ»: Մինչդեռ Իտալիան պահանջել էր, որ Ֆրանսիան իր հերթին դռները բացի հազարավոր ներգաղթյալների առաջ:
«Պետք չէ մեզ գթասրտության դասեր տալ»,-ասել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան վերջին 3 տարում ընդունել է միայն 640 ներգաղթյալ:
Պաշտոնյան հավելել է, որ Իտալիային գթասրտության դասեր տվող Ֆրանսիան խոսելու փոխարեն ավելի լավ կաներ, եթե ընդուներ մոտ 10.000 ներգաղթյալի, որոնց ապաստան տալու պարտավորություն էր ստանձնել դեռևս 2015թ.:
Սալվինին հիշեցրել է, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ապաստան տրամադրել 10.249 ներգաղթյալի, որոնք փորձել են Իտալիայից Ֆրանսիա հասնել:















