Սինգապուրը մոտ 5,3 մլն դոլար է աշխատել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը լուսաբանած լրագրողների հաշվին
Սինգապուրը մոտ 5,3 միլիոն դոլար է աշխատել միայն ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը լուսաբանած լրագրողների հաշվին: Այդ մասին հայտնում է The Straits Times-ը՝ վկայակոչելով Ngee Ann Polytechnic ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Չիամին:
Նրա խոսքով՝ երկու առաջնորդների հանդիպումը լուսաբանել է ԶԼՄ-ների մոտ 4 հազար ներկայացուցիչ, նրանցից յուրաքանչյուրը միջինը երկրում անցկացրել է երեք օր և ծախսել օրական առնվազն 449 դոլար, այդ թվում՝ կեցության, սննդի, տեղաշարժի համար:
Բացի այդ, փորձագետը ենթադրում է, որ ԱՄՆ պատվիրակության ծախսերը շատ ավելին են եղել՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի այցի նախապատրաստության, ինչպես նաև գագաթնաժոովի հարցում իրականացված աշխատանքները:
Միաժամանակ, Meltwater ընկերությունը, որը գնահատում է մեդիաարդյունավետությունը, կանխատեսում է, որ տեղի ունեցած գագաթնաժողովը Սինգապուրին առնվազն 524 միլիոն դոլարի եկամուտ կբերի:
Երկրի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ գագաթնաժողովի անցկացման ծախսերը կազմել են մոտ 15 միլիոն դոլար: Ընդ որում՝ անվտանգության ապահովման համար ծախսվել է այդ գումարի մոտ կեսը, ևս մոտ 3,7 միլիոն դոլար՝ 2,5 հազար լրագրող ընդունած մեդիակենտրոնի համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ԿԺԴՀ երկար սպասված գագաթնաժողովը կայացել է հունիսի 12-ին: Հանդիպման ժամանակ նախագահներն անվտանգության մասին համաձայնագիր են ստորագրել, իսկ երեկ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ հայտարարել էր, որ այլևս միջուկային վտանգ չկա Հյուսիսային Կորեայի կողմից:










