ԱլԳ շրջանակներում ՀՀ-ն լավ առաջընթաց է գրանցել, բայց կարող է ավելի լավ ցուցանիշներ արձանագրել, եկեք ժամանակ չկորցնենք. Պ. Սվիտալսկի

12:37 • 14.06.18

Եվրամիությունն օգնում է իր գործընկերներին՝ պատրաստ լինել ալեկոծ զարգացումներին: Այս մասին «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Խոսելով գիտաժողովի թեմայի մասին՝ նա ասաց, որ ալեկոծությունն ամենօրյա կյանքի մի մասն է, որպես մարդ՝ մենք ձգտում ենք կանխատեսելիության, կայունության, իմանալու, թե ինչ է լինելու ապագայում:

«Այնինչ, Հայաստանում ու տարածաշրջանում ալեկոծություններ են եղել: Ալեկոծությունը երբեմն անկայունացնում է գործընթացները, բայց կարող է դրական զարգացումներ էլ բերել»,- ասաց դեսպանը:

Սվիտալսկին նշեց, որ Արևելյան գործընկերության տարածքում Եվրամիությունը շեշտը դնում է ճկունության ու առաձգականության վրա:

«Մենք չենք կարողանա պատրաստի բաղադրատոմս տալ մեր հարևանների համար, մեզ անհրաժեշտ են ճկուն հարևաններ: Մեր տնտեսությունները, հասարակությունը պետք է պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումների: Բայց ես հուսով եմ, որ դրանք դրական կլինեն: ԵՄ նպատակն է օգնել, որ մեր գործընկերները պատրաստ լինեն ալեկոծ զարգացումներին, անկանխատեսելի գործընթացներին»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Ըստ նրա՝ իրենք լավ հասկանում են, որ տարբեր դավադրությունների տեսություններ են եղել, թե ինչ նպատակ է հետապնդել Արևելյան գործընկերության ծրագիրը: Դեսպանն ասաց, որ դավադրության տեսությունները փշրվում են:

«ԱլԳ-ն անհրաժեշտություն է՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Տարածաշրջանը գնալով ավելի տարբեր է դառնում, տարբեր են նաև ձգտումները դեպի ԵՄ, և սա ազդեցություն կունենա ԱլԳ վրա: Գործնական քաղաքական մարտահրավերը, որը մեր առջև ծառացած էր, հետևյալն էր՝ ինչպես համադրել ԱլԳ օգտակարությունը տարբեր օրակարգերի հետ: ԱլԳ-ն լրացնում է ԵՄ ու անհատ երկրների միջև երկկողմանի օրակարգը»,- մանրամասնեց նա:

Հայաստան-Եվրամիություն երկկողմանի օրակարգում, Պյոտր Սվիտալսկու խոսքով, օգտակար ծրագրեր կան:

«Տպավորիչ ֆինանսական ծրագրեր կան՝ ավելի քան 600 միլիոն եվրո է հատկացված: Սա մեծ գումար է: Տարածաշրջանային գործընկերներն ասես մրցակից լինեն, որովհետև այս ծրագրերը հետևյալ սկզբունքի վրա են՝ ով է լավագույնը: Հայերը շատ լավ առաջընթաց են գրանցել, հայերը լավ մրցակից են, բայց ուզում եմ անկեղծ լինել, որ Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշներ արձանագրել՝ փոխլրացնել մեր երկկողմ օրակարգը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը պահանջում է նախատեսված աշխատանքների իրականացմանն ուշադրություն դարձնել: Հուսով ենք, որ Հայաստանի ճյուղային նախարարությունները կներդաշնակեցնեն օրակարգը: Եկեք ժամանակ չկորցնենք»,- նշեց Հայաստանում ԵՄ դեսպանը: