Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը Արշակ Վարդանյանը բավարարեց Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը դարձավ «Սասնա ծռերի» գործով 9-րդ ազատ արձակվածը։ Ավելի վաղ կալանքից ազատ էին արձակվել՝Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։
Հիշեցնենք՝ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 219 րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով ։
Տեղեկացնենք` 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։
235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:










