Քյոլնում ահաբեկչական ակտ է կանխվել. Գերմանիայի հակահետախուզության ղեկավար

15:04 • 15.06.18

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (հակահետախուզության) ղեկավար Հանս Գեորգ Մաասենը հավանական է համարում, որ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է գերթունավոր նյութով ահաբեկչական ակտ կանխել Քյոլնում: Այս մասին հայտնում է express.de-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները Քյոլնում ձերբակալել են Թունիսի 29-ամյա քաղաքացու, որի բնակարանում գերթունավոր նյութեր են հայտնաբերվել: Տղամարդը կասկածվում է ծանր հանցագործություն գործելու նպատակով կենսաբանական զենք պատրաստելու համար:

Մաասենի խոսքով՝ գործի վերաբերյալ վերջնական եզրակացություններ դեռ չկան, սակայն «շատ հավանական է, որ հաջողվել է ահաբեկչական ակտ կանխել»:

«Հակահետախուզությունը հրահանգներ է ստացել, որոնց համաձայն Քյոլնում բնակվող Թունիսի քաղաքացին փորձել է ուժեղ ազդեցության թունավոր նյութեր պատվիրել, և սկսել է գործի քննությունը», - ասել է Մաասը՝ նշելով, որ որոշակի մանրամասներ պարզելուց հետո գործը փոխանցվել է ոստիկանությանը: