Բելգիայում 6-րդ հայն է ձերբակալվել թենիսի գնված խաղերի վերաբերյալ հետաքննության շրջանակում

12:35 • 15.06.18

Բելգիայում արդեն վեցերորդ հայի դեմ մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի, փողերի լվացման և այլ հանցանքների առնչությամբ՝ թենիսի պայմանավորված խաղերի շուրջ ընթացող միջազգային հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով բելգիացի դատախազներին:

Ինչպես հայտնել են երկրի դատախազությունից, հայ տղամարդը ձերբակալվել է հինգ այլ անձանց ձերբակալությունից մեկ շաբաթ անց:

«Նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման, խարդախության, հանցավոր կազմակերպությանն անդամակցության և ազարտային խաղերի մասին օրենսդրությունը խախտելու համար»,- ասված է հայտարարությունում:

Ի տարբերություն մյուս հինգ ձերբակալվածների՝ Հայաստանի 32-ամյա քաղաքացի Կարեն Հ.-ն մեղադրվել է նաև ազարտային խաղերի մասին օրենսդրությունը խախտելու համար:

27-54 տարեկան մյուս հինգ հայերը ձերբակալվել են հունիսի 5-ին Բելգիայում 13 ձերբակալվածների թվում: Այդ ժամանակ համաժամանակյա գործողություններ են իրականացվել նաև Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում և Նիդեռլանդներում: 13 ձերբակալվածներից ութն ավելի ուշ ազատ է արձակվել:

Վերջին չորս տարվա ընթացքում թենիսիստներին կաշառելու համար կասկածվող հայ-բելգիական հանցավոր ցանցի միջազգային հետաքննության շրջանակներում անցկացված մյուս գործողությունների մասին որևէ տեղեկություն հայտնի չի դարձել:

Բելգիայի իշխանությունները, որոնց հայտնի է դարձել կասկածելի խաղադրույքների մասին 2015 թվականին, հայտնել են, որ ցանցն իր կապերն է օգտագործել անանուն կերպով խոշոր գումարներ արտասահման տեղափոխելու համար:

Բելգիայի և Հայաստանի հետ կապված հանցավոր խումբը կաշառք է տվել պրոֆեսիոնալ թենիսիստներին 2014 թվականից ի վեր խաղերի արդյունքներ դասավորելու համար՝ թույլ տալով որոշ խաղադրույք կատարողների օգուտ ստանալ խաղադրույքներ կատարելու միջոցով:

Դասավորված խաղերը սովորաբար տեղի էին ունենում ցածր վարկանիշով և հազվադեպ հեռարձակվող մրցաշարերի ժամանակ, օրինակ՝ ITF Futures և ATP Challenger մրցաշարերի, որտեղ համեմատաբար ավելի հեշտ էր մարզիկներին կաշառել:


Քննիչների վարկածով՝ հայ-բելգիական հանցավոր խումբը տվյալ գործողություններն իրականացրել է 2014 թվականից սկսած: