Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է կանչվի հարցաքննության. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

11:23 • 15.06.18

«Երևան» հիմնադրամը ստացված գումարների մասին ՊԵԿ-ին համապատասխան տեղեկատվություն չի ներկայացրել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ չհամաձայնելով տեսակետի հետ, թե սա ՊԵԿ-ի անգործությունից է բխել: Նա նկատեց, որ հիմնադրամները բավականին շատ են, և ՊԵԿ-ն այս պահին բոլոր ուղղություններով աշխատում է:

«Այն հիմնադրամները, որոնք պարտավոր էին օրենքով ներկայացել համապատասխան տեղեկատվություն, բայց չեն ներկայացրել, մեր վարչական վարույթի շրջանակներում վարչական տուգանքի կենթարկվեն»,- ասաց նա:  

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելուն և Օհանյանի հայտարարությանը, թե ինքը պատշաճ ծանուցում չի ստացել, Անանյան ասաց. «Ծանուցումը պրն. Օհանյանին ուղարկվել է հունիս 12-ին, հունիս 13-ին նա հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: 2 տեղեկատվություններն էլ կարող են իրականություն  լինել, այսինք՝ հնարավոր է, որ ամսի 12-ին ուղարկված ծանուցումը պրն. Օհանյանը 13-ին դեռևս ստացած չլինի: Օհանյանը կանչվել է հարցաքննության, և մոտակա օրերին օր ու ժամ է նշանակված: Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ, կազմակերպության հեռ առնչվող բարձրաստիճան անձինք կան: Քանի որ պրն. Օհանյանի պաշտոնավարման ընթացքում է եղել, բնական է, որ Օհանյանը կանչվել է հարցաքննության»:

Ըստ Անանյանի՝ պաշտպանության նախկին նախարարը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակով պետք է կանչվի հարցաքննության, սակայն նա այլ պաշտոնյաների անուններ չհրապարակեց:

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև «Նորֆոլկ» ընկերության գործունեությանը և ասաց, որ այս պահին «Նորֆոլկը» գտնվում է լուծարման գործընթացում:

«Այժմ ՊԵԿ ներքին անվտանգության աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո «Նորֆոլոկը» ժամանակավորապես իրականացնում է այն գործառույթը, որն արդեն իրականացնում էր, սակայն պետության անմիջական վերահսկողության ներքո»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան