Չեխիայի նախագահը հրապարակայնորեն հսկայական կարմիր վարտիք է այրել (տեսանյութ)
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակայնորեն հսկայական կարմիր վարտիք է այրել, որն ավելի վաղ նախագահի ընդդիմախոսները կախել էին նախագահական պալատի վրա։
Հսկայական վարտիքի այրման տեսանյութը հայտնվել է POLITIKA 24 ալիքի YouTube-ի էջում։
2015 թվականին վարտիքը նախագահական պալատ էին բերել ու կախել Ztohoven արտ խմբի ներկայացուցիչները՝ այդպիսով իրենց վերաբերմունքն արտահայտելով Զեմանի վարած քաղաքականության հանդեպ։ Նախագահի վարչակազմը գնել է այդ վարտիքը Պետգույքի կառավարման կոմիտեից 1 կրոնով։
Զեմանը, հավաքելով լրագրողներին, ցուցադրել է բոլորին կարմիր վարտիքը, ինչից հետո այն բոլորի ներկայությամբ կրակի են տվել երկու հրշեջներ։
Նման քայլով նախագահը ցանկացել է ուղերձ հղել՝ ցույց տալով, որ քաղաքականությունը պետք է վարել մտքերի փոխանակման հիման վրա, իսկ «ներքնաշորերի դարաշրջանը» քաղաքականության մեջ այլևս փակված էջ է։
Միլոշ Զեմանը հայտնի է եվրոպացի առաջնորդներին ոչ հատուկ խնդրահարույց հայտարարություններով։ Ժամանակին նա պնդել էր, որ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին և որ ինքը չի պատրաստվում հրաժարվել իր խոսքերից, քանի որ դրանք իր անձնական կարծիքն են, ու այդտեղ «ներողություն խնդրելու բան չկա»։
Բացի այդ, Չեխիայի նախագահը հայտարարել էր, որ միգրացիոն ճգնաժամն ուղղակի ներխուժում է Եվրոպա և միտված է եվրոպական արժեհամակարգը քանդելուն։










