Հայաստանը ցույց է տալիս, որ ժողովրդավարական փոփոխությունները կարող են հաղթանակել անգամ Ռուսաստանի ստվերում. The Washington Post
Եթե ինչ-որ լավ նորություն եք փնտրում հեռավոր աշխարհներում, ձեզ կհետաքրքրի Հայաստանի «թավշյա հեղափոխությունը», որը բոլորովին վերջերս վտանգավոր աշխարհագրական դիրքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող փոքր երկրում տապալեց կոռումպացված, ավտորիտար իշխանություններին՝ նրանց փոխարինելով բարեփոխումներ նախապատրաստող երիտասարդ, եռանդուն մարդկանցով, գրում է Դեյվիդ Իգնատիուսը The Washington Post-ում՝ «Հայաստանը ցույց է տալիս, որ ժողովրդավարական փոփոխությունները կարող են հաղթանակել անգամ Ռուսաստանի ստվերում» վերնագրված հոդվածում:
Այդ հեղափոխությունը գուցե հակառակ միտման սկիզբն է ժամանակներում, որտեղ ազատության և լավ կառավարման շատ ցուցիչներ հետընթաց են գրանցում, գրում է հեղինակը՝ հավելելով, սակայն, որ ժամանակը հեղափոխականների օգտին չի աշխատում: Հարևանների և ներքին իշխանական լծակներ ունեցողների կողմից գործադրվող ճնշումը երկրի վրա կարող է չեղարկել ժողովրդական շարժման ձեռքբերումները, որի շնորհիվ հնարավոր դարձավ տապալել երկար ժամանակ իշխանության մեջ գտնվող ռուսամետ կառավարությանը:
Մինչ այժմ Հայաստանում որոշակի տոնական մթնոլորտ է տիրում, հայերը վայելում են, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշել հեղինակի հետ զրույցում, «սիրո և համերաշխության հեղափոխության» արդյունքները: Հետխորհրդային մշուշը կարծես ցրվել է, գրում է հեղինակը:
Հոդվածագիրը նշում է, որ հեղափոխության հրաշքն այն է, որ դա ընդհանրապես տեղի ունեցավ: Ռուսաստանը երկար ժամանակ աջակցել է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին: Մայիսին, սակայն, Կրեմլը չխոչընդոտեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա տեղի ունեցավ մասնավորապես այն պատճառով, որ շարժումը չուներ աշխարհաքաղաքական օրակարգ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, դեռ կարող էր բարդացնել նոր Հայաստանի կյանքը: Հեղինակը նշում է, որ անցած շաբաթվա վերջին Երևանում դիվանագետներից լսել է, որ եթե Մոսկվան չստանա հավատարմության նոր երդումներ, այն կարող է կանգնեցնել զենքերի վաճառքը Հայաստանին: Քաղաքական ազատականացման վերաբերյալ Ռուսաստանի հանդուրժողականությունը կարող է իր գինն ունենալ:
Հեղինակը նշում է, որ Փաշինյանն իրեն ներկայացրել է «թավշյա հեղափոխությունից» հետո իր ծրագիրը, որտեղ, իր կարծիքով, շատ էր ժողովրդավարական իդեալիզմը և քիչ էին կոնկրետ քայլերը: Նիկոլ Փաշինյանը հոդվածագրի հետ զրույցում նշել է, որ իր առաջնահերթությունը կոռուպցիան վերացնելն է, որը խոչընդոտում է հայերի հայտնի ստեղծարար և ձեռնարկատիրական ձիրքին:
«Ցավոք, Հայաստանը շատ կոռումպացված է եղել վերջին 25 տարիներին: Մարդիկ հոգնել էին այդ իրավիճակից»,- ասել է նա:
Անցյալի ձգողականության դաշտից ազատվելը կտանի Նիկոլ Փաշինյանի իդեալիզմը և էներգիան, ինչպես նաև նրա քաղաքական ազդեցության մի մասը, գրում է հեղինակը: Նա հավելում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հայտնել է, որ շատ հավանական է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն մինչև հոկտեմբեր կամ նոյեմբեր:
Հեղինակը նշում է, որ իր համար դժվար է չեզոքություն պահել Հայաստանի հարցում, քանի որ իր հորական կողմը հայկական արմատներ ունի, և հավելել է, որ Հայաստանում իր այցի ընթացքում նա նաև օգնել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության աշխատանքներին:
«Հայաստանը պատմության ընթացքում և հետխորհրդային ոչ վաղ անցյալում շատ ավելին է ապրել, քան իրեն բաժին հասած դժվարությունները, և շատ ոգևորիչ էր Երևանը տեսնել որպես ժպիտների քաղաք՝ իր փոփոխությունների դրամատիկ շրջանից հետո»,- իր հոդվածը եզրափակել է հեղինակը:










