Ֆրանսիայում միասեռականների դեմ ահաբեկչության փորձ է կանխվել

10:58 • 15.06.18

Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է 21 և 22 տարեկան երկու երիտասարդի, որոնք կասկածվում են սեռական փոքրամասնությունների դեմ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար, գրում է lenta.ru-ն՝ երկրի հատուկ ծառայություններում աղբյուրի հղումով։

Նշվում է, որ երիտասարդները, որոնք աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ձերբակալվել են Փարիզի մոտակայքում գտնվող Մարնա և Սենա շրջաններում։ Առայժմ հայտնի չէ նրանց պլանավորած հարձակման մանրակրկիտ սցենարը, սակայն նշվում է, որ նրանց թիրախը պետք է հանդիսանային միասեռականները։

Հայտնի է, որ խուզարկությունների ընթացքում հատուկ ծառայությունների աշխատակիցները կասկածյալների մոտ հայտնաբերել են դանակներ, պայթուցիկներ ու ԻՊ-ին վերաբերող քարոզչական նյութեր։ Առայժմ չի հստակեցվում, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները։

Երիտասարդներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել երկու շաբաթ առաջ, նշվում է, որ նրանց անունները նախկինում արդեն հայտնի են եղել ոստիկանությանը։