Հունաստանում ձերբակալել են իշխանություններին գնդակահարելու կոչով հոդված հրապարակած լրագրողին
Հունաստանում ձերբակալվել է «Մակելիո» թերթի լրագրող Ստեփանոս Խիոսը՝ երկրի իշխանությանը գնդակահարելու կոչերով հոդվածի հրապարակման համար, գրում է РИА Новости գործակալությունը։
Լրագրողը կոշտ քննադատության էր ենթարկել Հունաստանի նախագահին, վարչապետին ու արտաքին գործերի նախարարին՝ Մակեդոնիայի անվանափոխության շուրջ այդ երկրի իշխանությունների հետ համաձայնության գալու համար։
Հունիսի 13-ին հրապարակված «8 մետրից՝ ինչպես Բելոյանիսին» (1952թ․-ին գնդակահարված Հունաստանի Կոմկուսի ղեկավարներից մեկը) վերնագրով հոդվածն ուղեկցվել է նաև լուսանկարներով։
Դատախազությունն անհապաղ գործ է հարուցել լրագրողի դեմ՝ «երկրի նախագահին վիրավորելու» և «քրեական հանցանքի հրահրում» հոդվածներով։
Խիոսը ձերբակալվել է նախօրեին երեկոյան՝ խմբագրության դիմաց։
Հունաստանում լրագրողների ամենախոշոր արհմիությունը՝ ESIEA-ն, հայտնել է, որ նյութը պետք է քննության ենթարկվի՝ պարզելու համար, թե արդյոք հոդվածում խախտվել են լրագրողական էթիկայի սկզբունքներն ու կանոնները։
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի անվան շուրջ վեճը առկա է երկրի՝ Հարավսլավիայից անկախանալուց ի վեր։ Մակեդոնիա անվանումը Հունաստանը չի ընդունել, քանի որ այստեղ կա նույն անվամբ նահանգ, որի հանդեպ պետությունը կարող էր հավակնություններ ունենալ։ Օրերս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետները՝ Ալեքսիս Ցիպրասն ու Զորան Զաևը։










