Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից ու հրաժարվել Նախարարների կոմիտեում ՀՀ ղեկավարի գործառույթներից
ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից, ինչպես նաև հրաժարվել Նախարարների կոմիտեում ՀՀ ղեկավարի գործառույթներից։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը։
«Շատ տրամաբանական էր, որ ես պետք դադարեցնեի իմ լիազորությունները որպես Հայաստան պետության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում՝ մեկ պարզ պատճառով. ըստ էության՝ ես կառավարության շահերի պաշտպանն եմ Եվրոպական դատարանում և այս 14 տարվա ընթացքում ես ներկայացրել եմ տվյալ կառավարության դիրքորոշումն ու ուղղությունը կոնկրետ գործերի առնչությամբ»,-ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հիմա փոխվել է կառավարություն, հետևաբար փոխվել են կառավարության շահերը, հետևաբար փոխվել է կառավարության դիրքորոշումը կոնկրետ հարցերի և այդ հարցերի լուծման ճանապարհների առնչությամբ. «Դա ուղղակի հանգեցրել էր նրան, որ մենք դիրքորոշումների ակնհայտ տարբերություն ունեինք և պիտի ունենայինք, որովհետև ես ներկայացրել եմ նախորդ կառավարության դիրքորոշումը, և հաջորդ կառավարությունը պետք է որևէ կաշկանդվածություն չունենա նախորդ կառավարության որոշումներից»։
Գևորգ Կոստանյանն ասաց, որ այսինքն` նույն գործերի առնչությամբ ներկայացրել է նախորդ կառավարության մոտեցումը, թե կոնկրետ հարցն ինչպիսի լուծում պետք է ստանա, կամ ինչ բացթողումներ կամ ձեռքբերումներ կան, իսկ հիմա մոտեցումն այլ է։
«Հիմա կառավարությունը կոնկրետ գործի առնչությամբ տարբերություն է տեսնում. հետևաբար ես չեմ կարող տարբերություն ներկայացնել, որովհետև այստեղ կարող է լինել շահերի բախում նաև այն տեսակետից, որ հիմա շատ հարցեր լուծում են ստանալու այլ կերպ։ Իսկ ես չեմ կարող նախկին դիրքորոշումը ներկայացնել և պաշտպանել, հետո ներկայացնել նոր՝ ներկայիս կառավարության դիրքորոշումը։ Հետևաբար, ես որոշեցի, որ ճիշտ չի լինի, որ ես շարունակեմ իմ պաշտոնավորումը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ը կարևոր կառույց է, այստեղ պետության շահն է կարևոր, Կոստանյանն ասաց, որ շատ ժամանակ ընդհանրապես կառավարության ներկայացուցչի պաշտոնը փորձում են դիտարկել մարդու իրավունքների պաշտպանի տեսակետից. «Այսինքն՝ ես պետք է Եվրոպական դատարանում մարդու իրավունքները պաշտպանեմ, սակայն ոչ, ես պետության փաստաբանն եմ այն տեսակետից, որ եթե քաղաքացին կառավարությանը դատի է տալիս, քաղաքացին իր փաստաբանն ունի, կառավարությունը՝ իր։
Շփոթը նրանից է, որ մարդիկ այս պաշտոնը դիտարկել են որպես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեություն. հիմքում կա մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ես պետության փաստաբանն եմ։ Այս պահի դրությամբ, երբ կառավարություն փոխվեց, պետության գործողությունների համար պատասխանատուն այսօրվա կառավարությունն է։ Հիմա ես եղել եմ նախկին կառավարության փաստաբանը՝ կոպիտ ասած, հետևաբար չեմ կարող ներկայիս կառավարության շահը պաշտպանել։ Քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել, հետևաբար պետության շահն այլ դիտակետից է ներկայացվում»։
Հարցին, թե ժամանակավորապես ով է լինելու պետության ներկայացուցիչը Եվրոպական դատարանում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ այս պահին արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանն է, ով պետության ներկայացուցչի տեղակալն է Եվրոպական դատարանում։
Նշենք, որ Գևորգ Կոստանյանը 2004թ.-ից զբաղվել է Արցախին առնչվող հարցերով: Նախարարների կոմիտեում Գևորգ Կոստանյանը դեռևս 2017թ.-ի գարնանը հարց էր բարձրացրել այն մասին, որ Ադրբեջանը սկզբունքորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները, և Իլգար Մամեդովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի՝ ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը հրաժարվում է այս վճիռը կատարելուց:
Դրանից հետո Նախարարների կոմիտեն Ադրբեջանին տեղեկացրել էր իրավական գործընթաց սկսելու մասին «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու առնչությամբ։










