Մակեդոնիայի անվանափոխության մասին համաձայնագիրը կստորագրվի կիրակի

23:09 • 15.06.18

Մակեդոնիայի նոր սահմանադրական անվանման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա կիրակի՝ հունիսի 17-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Հունաստանի տեղեկատվության հարցերով գլխավոր քարտուղարությանը:

«Հունիսի 17-ին Պրեսպա լճի մոտակայքում կայանալիք արարողությանը Հունաստանի և Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության ԱԳ նախարարներ Նիկոս Կոտզիասը և Նիկոլայ Դիմիտրովը կստորագրեն Մակեդոնիայի անվանման մասին համաձայնագիրը: Այն կստորագրվի երկու երկրների վարչապետներ Ալեքսիս Ցիպրասի և Զորան Զաևի ներկայությամբ»,- ասվում է գլխավոր քարտուղարության հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը կստորագրվի հունական տարածքում, այնուհետև պատվիրակությունը կուղևորվի հարևան երկիր, որտեղ ճաշկերույթ տեղի կունենա:  

Երկու երկրի վարչապետներն այս հարցով բանակցություններ են իրականացրել հունիսի 12-ին՝ որոշելով, որ երկրի նոր անվանումը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Նույն օրն ավելի ուշ Մակեդոնիայի նախագահը հրաժարվել էր ստորագրել երկրի անվանափոխության մասին համաձայնագիրը:  

Համաձայնագիրը Սկոպյեի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն: