Շարժական մեքենաներով մարդիկ չեն տուգանվելու, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ. Ն. Փաշինյանը՝ Վ. Օսիպյանին
Շարժական մեքենաներում տեղադրված տեսանկարահանող սարքերով մարդիկ չեն տուգանվելու: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, պետք է վերացնենք քաղաքացիներին հետապնդելու քաղաքականությունը:
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում «Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախագծով նախատեսվում էր ոստիկանության ծառայողի կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները չօգտագործվել ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում, մինչդեռ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առաջարկում էր չընդունել փոփոխությունը:
«Օրինագծի հեղինակները հիմնավորում են, որ շարժական տեխնիկական միջոցներով իրավախախտում ամրագրելիս չի ապահովvում իրավախախտման մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու պահանջը: Խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության: Նշված հիմնավորումները բավարար չեն օրինագծին հավանություն տալու համար, քանի որ շարժական տեսանկարահանող սարքերի շահագործումն ունի իրավախախտումները զսպող էֆեկտ և իրականացվում է Սահմանադրությանը համապատասխան»,- հայտնեց ոստիկանապետը:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որ շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը՝ ընդգծելով, որ կա 3 տիպի՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ զետեղվող, ոստիկանների համազգեստների վրա օգտագործվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով մեքենաները:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կարգավորումները վերաբերում են այսպես կոչված շրջիկ խախտումներ արձանագրող մեքենաներում տեղադրված տեսախցիկներին, բայց ասաց, որ այդ մեքենաները հատուկ կահավորված են լինելու տարբերանշաններով:
«Վարորդները հնարավորություն են ունենալու նախապես տեսնել: Եվ դա հատվածներով է լինելու, որտեղ նաև ցուցանակներ են տեղադրված լինելու: Վարորդը նախապես տեղեկացված է լինելու, որ նկարահանվում է այդ տարածքում»,- ասաց Օսպիյանը:
Վարչապետը նկատեց, որ այս հարցում հակասություններ են ի հայտ գալիս:
«Մարդկանց ասում ենք՝ քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ մենք պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք՝ ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չeեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը»,- ասաց վարչապետը:
Պատասխանելով վարչապետի հարցին՝ ոստիկանապետը տեղեկացրեց, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում:
«Ձեր հանձնարարականով մենք շուտով օրինագիծ կներկայացնենք, որտեղ ներառված կլինի տուգանքի չափերի նվազեցման մասին օրինագիծը: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տուգանքներն էապես նվազելու են»,- ասաց Օսիպյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խնդրին հետագայում անդրադառնալ և փաթեթային լուծում տալ:










