Նյու Յորքի գլխավոր դատախազը Թրամփի ծննդյան օրը դատի է տվել նրան ու նրա ընտանիքի անդամներին
ԱՄՆ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը դատի է տվել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, նրա երեխաներից երեքին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերին, Իվանկա Թրամփին ու Էրիկ Թրամփին, ինչպես նաև նախագահական ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամին (Trump Foundation), հայտնում է The Guardian-ը:
Դատախազը Թրամփներին մեղադրում է հիմնադրամի`նվիրատուների փոխանցած հաշիվները ոչ նպատակային ու ի նպաստ սեփական շահի օգտագործելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնադրամի հաշիվներն օգտագործվել են Թրամփի գոլֆ ակումբներից մեկի դեմ ներկայացված դատական հայցերը կարգավորելու, ինչպես նաև մեկ այլ ակումբում կախելու նպատակով Թրամփի դիմանկարը գնելու համար:
Նշվում է, որ հայցը ներկայացվել է դատախազ Բարբարա Անդերվուդի կողմից՝ Թրամփի ծննդյան 72-րդ տարեդարձի օրը: Անդերվուդը պահանջում է Թրամփից 2.8 մլն փոխհատուցում վճարել, ինչպես նաև 1 մլն դոլար փոխանցել այլ բարեգործական հիմնադրամների:
Բացի այդ, հայցի հեղինակը պահանջում է լուծարել Թրամփի հիմնադրամն ու արգելել նախագահական ընտանիքի անդամներին ներառվել որևէ բարեգործական կազմակերպության ղեկավարությունում:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահն անմիջապես արձագանքել է հայցին՝ հայտարարելով, որ դա «դեմոկրատների ձեռքի կեղտոտ գործն է»: Բացի այդ, նա ընդգծել է, որ հիմնադրամը վերցրել է 18.800.000 դոլար ու հետո բարեգործությանը տրամադրել շատ ավելին՝ 19.200.000 մլն:
«Ես չեմ փակի այս գործը»,-իր թվիթերյան էջում գրել է Թրամփը, ինչը նշանակում է, որ կարող է դատական գործ սկսվել:










