Ճապոնիային պատուհասել է «Գաեմի» թայֆունը

09:57 • 16.06.18

Ճապոնիայի հարավում գտնվող Օկինավա կղզի է հասել «Գաեմի» թայֆունը, ինչի հետևանքով մի քանի շրջանում ռեկորդային տեղումների մասին նախազգուշացում է հայտարարվել: Այս մասին ասվում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության կայքում, հաղորդում է stripes.com-ը:

Գործակալության տվյալների համաձայն՝ թայֆունի կենտրոնում քամու արագությունը 20 մ/վրկ է, իսկ առավելագույն արագությունը հասնում է 30 մ/վրկ-ի:

Ընդ որում` շրջանում տեղումների արագությունը մոտ 110 մմ/ժ է: Սպասվում է, որ 48 ժամում թայֆունի գոտում կարող են մինչև 500 մմ տեղումներ լինել:

Օդերևութաբանները նախազգուշացրել են հսկայական ալիքների հայտնվելու մասին ու կոչ արել թայֆունի հայտնվելու վայրի բնակիչներին խուսափել ծով դուրս գալուց:

Նշվում է, որ շրջանի բնակիչներին նաև նախազգուշացրել են հորդառատ անձրևների հետևանքով սողանքների սպառնալիքի մասին: