Ճապոնիայում հյուրանոցից հոսպիտալացվել է 71 մարդ՝ թունավորման ախտանշաններով

10:53 • 16.06.18

Ճապոնիայի Կիոտո քաղաքում 71 մարդ, այդ թվում՝ դեռահասներ, հոսպիտալացվել են հյուրանոցից՝ թունավորման ախտանշաններով: Տեղական իշխանությունները սկսել են ստուգել միջադեպի պատճառները:

Ինչպես տեղեկացնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանության ներկայացուցիչներին, հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը բարձր ջերմության ու սրտխառնոցի բողոքներով հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխվել 71 մարդ: Տուժածների թվում են միջնակարգ դպրոցի աշակերտներ, որոնք քաղաք են ժամանել էքսկուրսիայի նպատակով:

Նշվում է, որ շաբաթ առավոտյան հիվանդանոցում է եղել 19 երեխա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հյուրանոցում ստուգումներ են սկսվել: Իշխանությունները չեն բացառում սննդային թունավորումը. նրանք արդեն ուսումնասիրել են երեկոյան ճաշացանկը և զրուցել նախօրեին աշխատած խոհարարի հետ:

Մինչև միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզելը, հյուրանոցի խոհանոցում արգելվել է օգտագործել բոլոր բաղադրիչները, որոնք օգտագործվել են ուրբաթ օրվա ընթրիքը պատրաստելու ժամանակ: