Հս. Կորեայի ապամիջուկայնացումը պետք է տեղի ունենա մինչ Թրամփի պաշտոնավորման առաջին ժամկետի ավարտը. Պոմպեո

15:03 • 26.07.18

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, խոսելով Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման մասին, հայտարարել է, որ դա պետք է տեղի ունենա մինչ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը և նույնիսկ՝ ավելի շուտ:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին Պոմպեոն ասել է Սենատում լսումների ժամանակ:

«Այո՛, և եթե հնարավոր է, ապա ավելի շուտ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք շարունակում է արդիական մնալ մինչ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը (2021թ.) Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը հասնելու նպատակը:

Պետքարտուղարը նշել է, որ չի կարող հստակ ժամկետներ ասել այն առնչությամբ, թե երբ Փհենյանը կսկսի շարժվել ապամիջուկայնացման ուղով:

Հիշեցնենք, որ օրերս արբանյակից արված նոր լուսանկարները փաստել են, որ Հյուսիսային Կորեան սկսել է երկրի գլխավոր միջուկային կայանի ապամոնտաժման աշխատանքները, ինչն արվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի միջև պատմական սինգապուրյան հանդիպման շրջանակում Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն:

Արբանյակային լուսանկարներն արվել են հուլիսի 20-ին և 22-ին: Դրանցում հստակ երևում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկան համար հարթակներն ապամոնտաժվել են, համապատասխան տեխնիկան պահեստավորվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի համար որևէ ժամանակային սահմանափակում չկա: Նա նաև կեղծ էր անվանել որոշ լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ինքը դժգոհ է ապամիջուկայնացման գործընթացի դանդաղ առաջխաղացումից: Թրամփի պնդմամբ՝ Փհենյանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում: