Պատգամավորների 1/3-ն անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար

13:52 • 01.08.18

ԱԺ պատգամավորների 1/3-ը՝ այդ թվում նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ձևաթղթի տակ՝ որպես անձնական երաշխավորություն, որ փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Իսկ թե երբ պետք է ներկայացվի դատարանին, ասաց, որ առաջիկայում պարզ կլինի: 

«Ստորագրահավաքին մասնակցել են 38 պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլ է ավելանալու»,- Արմենպրեսի հետ զրույցում ասել է Սողոմոնյանը՝ նշելով, որ երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքը նախաձեռնել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը։  

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Tert.am-ի հետ զրույցում ասել էին, որ բողոքարկելու են դատարանի որոշումը՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:  

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով: 

Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: