Թուրքիայում անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

09:27 • 20.08.18

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի քանի կրակոց է հնչել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ, հայտնում է CNN Turk-ը՝ հավելելով, որ փամփուշտներից մեկը դիպել է անվտանգության անցակետի պատուհանին:

Այնուհանդերձ՝ միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել:

Մինչդեռ ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին: Կրակողները գտնվել են սպիտակ մեքենայի մեջ, որով էլ փախուստի են դիմել դեպքի վայրից:

Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել անհայտ անձանց նկատմամբ:

Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ դեսպանատան դեմ հարձակումը տեղի է ունեցել Անկարայի ու Վաշինգտոնի միջև գերլարված հարաբերությունների ֆոնին: