Իտալական փրկարարական նավի վրա ավելի քան 1 շաբաթ գտնվող ներգաղթյալները հացադուլ են հայտարարել
Իտալական Diciotti առափնյա անվտանգության ծառայության նավի վրա գտնվող ներգաղթյալները հացադուլ են հայտարարել: Այդ մասին հայտնել է Իտալիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Դավիդե Ֆարաոնեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ նավը երկուշաբթի օրվանից գտնվում է սիցիլիական Կատանիա քաղաքի նավահանգստում, և Ֆարաոնեն երեկ այցելել է այն:
«Ես հենց նոր նորություն ստացա նավահանգստի նավապետի ծառայությունից, որ Diciotti-ում լարված իրավիճակ է ստեղծվել, և ներգաղթյալները հացադուլ են սկսել: Բացի այդ, համերաշխություն հայտնելու և նավի պայմանները ստուգելու նպատակով այցերը դադարեցվել են անվտանգության նկատառումներով»,- գրել է Ֆարաոնեն Twitter-ի իր էջում:
Հայտնի է, որ օգոստոսի 15-ին Diciotti-ի նավաստիները 177 ներգաղթյալի են փրկել, որոնք աղետի գոտում են հայտնվել Միջերկրական ծովում՝ Մալթայի տարածքային ջրերում: Այնուհետև իտալացիները փրկված մարդկանց երկրի նավահանգիստներից մեկը հասցնելու թույլտվություն են խնդրել Մալթայի իշխանություններից, սակայն Վալետան մերժել է:
Դրանից հետո Diciotti-ն գտնվել է իտալական Լամպեդուզա կղզու գոտում՝ սպասելով Հռոմի որոշմանը, և միայն երկուշաբթի երեկոյան ներգաղթյալներին հասցրել են Սիցիլիա:
Իտալիայի ՆԳ նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին ներգաղթյալներին ափ հասցնելու թույլտվություն չի տվել ու պահանջել է գտնել այս խնդրի լուծումը եվրոպական մակարդակով՝ օգտագործելով ԵՄ երկրների միջև ներգաղթյալներին բաշխելու պրակտիկան:










