Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը. պաշտպան

13:51 • 28.08.18

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Առաջին ատյանի դատարանի կողմից Յուրի Խաչատուրովի նկատմամբ  կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք էի ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել է»,-ասաց պաշտպանը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք ներկայացնելուն, ապա Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը ստանալուն պես կքննարկեն այդ հարցը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը: