ԲԷՑ-ն ինքնակամ 140 մլն դրամ կվերադարձնի պետբյուջե. Դ․ Սանասարյանն ամփոփեց աշխատանքային 100 օրը (տեսանյութ)
Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների մեր թիմը համալրվել է պրոֆեսիոնալներով, որոնք աշխատել են տարբեր ընկերություններում։ Իրականում դժվար է զբաղվել պրոֆեսիոնալ գործով և ստանալ ավելի քիչ, քան կարող էիր ստանալ մասնավոր հիմնարկում։ Այսօր նման հայտարարություն արեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։ Նա նշեց, որ շատ դժվար, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի գործ է կառույցը զրոյից կառուցելը։
«Կային օբյեկտիվ դժգոհություններ, թե ինչ է անում վերահսկողական ծառայությունը, այդ պատճառով բացատրեմ, թե ինչպես ենք աշխատել։ Տնտեսագետներից ոմանք հունիսին ասել էին, որ մեր կառույցը չի աշխատում, բայց մայիսի 22-ին եմ նշանակվել: Կանոնադրությունը հունիսի 11-ին գրանցվել է պետռեգիստրում, հունիսի 26-ին հաստիքացուցակի հաստատում է եղել, արդեն հուլիսի 3-ին անձնակազմը սկսել է համալրվել, օգոստոսի կեսերին նոր բյուջե ենք ունեցել»,- ներկայացրեց նա։
Սանասարյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են զորահավաքի անցկացման գործընթացը, և այսօր անցկացման ձևի այլ առաջարկ ունեն։ Ըստ նրա՝ իրենց առաջարկը, որի մասին դեռևս մանրամասները չի ներկայացնում, կարող է նվազեցնել կոռուպցիան, ավելին՝ շուտով քննարկում կլինի ՊՆ-ի հետ։
«Ուսումնասիրություն են անցկացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, «Լուսաշեն» ՊՈԱԿ-ում, որը լուծարման գործընթացի մեջ էր, դրա համար արագ են կատարել աշխատանքները, «Ուկր ինվեստում», որը նույն Լուսանշանի գործառույթն էր կատարում, սակայն մասնավոր էր։ «Հայրենիք -սփյուռք» ՊՈԱԿ-ում են եղել ուսումնասիրություններ, որի մասով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել:
Ուսումնասիրության տակ է նաև ՀՀ ագրարային համալսարանը, բավականին խորացված ուսումանասիրում ենք ու ունենք որոշակի արդյունքներ, ԵՊՀ-ում ուսումնասիրությունները սկսել ենք ու կշարունակենք»,- նշեց Սանասարյանը։
Վերջինս հիշեց, որ մինչ պետական պաշտոն զբաղեցնելը ինքը եղել է ակտիվ քաղաքացի և ընդդիմադիր, և պատկերացրել է, թե ինչպես կարող էին մսխվել երկրի միջոցները, սակայն այսօր զարմացած է։
«Ամեն օր ստանում ենք բացասական գնահատական, այս մարդիկ ոչ թե հայրենիք են եկել, այլ խոպան էին եկել, որ հարստանան։ Վարչապետն էլ քաղաքական հայտարարություն է արել, որ մեր նպատակը բանտերը նախկին կոռուպցիոներներով լցնելը չէ, եթե պետությանը հասցված վնասը փոխհատուցեն, ապա այդպես ասած՝ ներում կլինի։ Քննչական մարմինները կգնահատեն, թե որքանով կա հանցակազմ։ Առաջին արդյունքն այն է, որ 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, այսինքն՝ շարունակելու են ԲԷՑ-ին ծառայություն մատուցել, բայց այդքան պակաս, ԲԷՑ-ը 140 մլն դրամ առաջիկայում պետբուջե կվերադարձնի: Այն թվերն այն թվերն են, որոնք իրենք պատրաստ են վերադարձնել բյուջե: Իրենք են եկել ինքնակամ, քանի որ մեր գործը վարչապետին ու իրավապահ մարմիններին ներկայացնելն է»,- ընդգծեց Դավիթ Սանասարյանը։
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ միջազգային կապալառուներից մեկն են ուսումնասիրել և 1,5 մլն դոլար պայմանագրային արժեքը կիջեցնեն։










