Ինչ նմանություններ ու տարբերություններ կան Սաակաշվիլիի ու Փաշինյանի միջև. մեկնաբանում է վրացի փորձագետը

20:07 • 06.09.18

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև արվող համեմատությունները տրամաբանական են, բայց կան բազմաթիվ տարբերություններ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վրացի քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն:

Նա ասաց, որ քաղաքական երկու գործիչները՝ թե՛ Սաակաշվիլին, թե՛ Փաշինյանը հեղափոխության թիկունքում են կանգնած, երկուսն էլ իշխանության են եկել ժողովրդի աջակցությամբ, բայց տարբեր ճանապարհներով:

«Փաշինյանը իշխանության է եկավ նրանից հետո, երբ Սերժ Սարգսյանը որոշեց որպես վարչապետ շարունակել պաշտոնավարել: Իսկ Սաակաշվիլին սկսեց պայքարը խորհրդարանական կեղծված ընտրություններից հետո: Բայց սա միակ տարբերությունը չէ: Հետխորհրդային երկրներում գտնվող բոլոր բանական մարդիկ, բնականաբար, Փաշինյանին հաջողություն են մաղթում, մաղթում են բարփոխումների արագ իրականացում, բայց բարեփոխումներ, որպես այդպիսին, դեռևս չկան: Առայժմ միայն նախկին իշխանությունների նկատմամբ արվող գործողություններ են, որոնք ներկայացվում են որպես բարեփոխումների հիմք»,- ասաց Վասաձեն:

Քաղաքագետի խոսքով՝ Սաակաշվիլին իշխանության գալուց անմիջապես հետո թիմ էր ձևավորել և բոլորը հստակ գիտեին, թե ով որ բարեփոխումների համար է պատասխանատու: «Ես բավական հետևողական եմ Հայաստանում ընթացող իրադարձությունների նկատմամբ, բայց առայժմ չեմ տեսնում Փաշինյանի թիմում բարեփոխումների իրականացման թիմի լիդերի, որը տանում է ամեն ինչ իր հետևից: Գուցե այն կա, բայց ես չեմ տեսել, չգիտեմ»,- ասաց Գելա Վասաձեն:

Նա հիշեցրեց, որ Վրաստանում Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո հսկայական բարեփոխումներ իրականացվեցին ոստիկանության համակարգում: Ըստ նրա՝ գուցե այդ փոփոխությունները շատ կտրուկ էին, ոոստիկանների համար անսպասելի, բայց դրանց արդյունքում արմատախիլ արվեց կոռուպցիան:

«Բացի այդ, Հայաստանն ու Վրաստանը ստարտային տարբեր պայմաններում էին: Մի մոռացեք դա: Հեղափոխությունից առաջ Վրաստանը զրոյական կետում էր, իսկ Հայաստանի նախկին իշխանություններն, ամեն դեպքում, որոշակի բարեփոխումներ անում էին, Սարգսյանի ժամանակ իշխանությունը մոդեռնիզացվում էր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն համեմատություններին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին չի վստահում այնպես, ինչպես Սաակաշվիլիին, ապա Գելա Վասաձեն չհամաձայնեց: Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները որևէ կերպ չի կարելի համեմատել ռուս-վրացական հարաբերությունների հետ:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն է, գործընկերն է, Հայաստանը բոլոր այն միությունների անդամ է, որոնք ստեղծվելեն Ռուսաստանի առանցքի շուրջ: Հայաստանը, սակայն, չունի տարածք, որը օկուպացված է Ռուսաստանի կողմից: Այնպես որ հասկանալի է, որ համեմատությունը տեղին չէ: Իսկ վստահության մակարդակի մասին կարող եմ հարցով պատասխանել՝ Ռուսաստանը ո՞ւմ է վստահում: Պուտինը վստահում էր Սերժ Սարգսյանի՞ն: Ոչ, չէր վստահում: Մոսկվան ընդունակ չէ վստահել»,- շեշտեց Գելա վասաձեն:

Ըստ նրա՝ եթե պաշտոնական Երևանը անվտանգային հարցերը կարողանար լուծել առանց Ռուսաստանի, ապա կաներ դա թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի օրոք:

 

Ինչ նմանություններ ու տարբերություններ կան Սաակաշվիլիի ու Փաշինյանի միջև. մեկնաբանում է վրացի փորձագետը