ՌԴ-ում ուկրաինական հատուկ ծառայությունների համար աշխատող ԻՊ անդամի են ձերբակալել

13:58 • 10.09.18

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Սմոլենսկի շրջանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, որն Ուկրաինայի անվտանգության ծառայության և «Պրավիյ սեկտորի» հրահանգով նախապատրաստել է Դոնեցկի ինքնահռչակ ուժերի առաջնորդներից մեկի սպանությունը: Այդ մասին հայտնել են գերատեսչությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խմբավորման ներկայացուցիչը եղել է Դաղստանի բնակիչ Մեջիդ Մագոմեդովը, որը հարցաքննության ժամանակ պատմել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն ԻՊ-ի գրոհայիններին տեղեկություններ և զենք են մատակարարում:

Նշվում է, որ սպանության համար անվտանգության ծառայությունում գրոհայինին տասը հազար դոլար են խոստացել:

Հաղորդվում է, որ Մագոմեդովը ձերբակալվել է հանցագործության նախապատրաստման ժամանակ: Նրա մոտից առգրավվել է պայթուցիկ սարք, խլացուցիչով ատրճանակ և զինամթերք: