Պուտինը Ճապոնիային առաջարկել է մինչև տարեվերջ հաշտության պայմանագիր կնքել

11:58 • 12.09.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «Հեռավոր Արևելք. ընդլայնելով հնարավորությունների սահմանները» խորագրով նիստի ժամանակ առաջարկել է հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև:

«Մենք արդեն 70 տարի բանակցում ենք: Սինձոն (Ճապոնիայի վարչապետը-tert.am) առաջարկեց փոխել մոտեցումները: Եվ հիմա գլխումս մի միտք է հղացել՝ եկեք հաշտության պայմանագիր կնքենք՝ ոչ հիմա, մինչև տարեվերջ՝ առանց որևէ նախապայմանի»,-ասել է Պուտինը:

Ինչպես նշում է ria.ru-ն, ռուս-ճապոնական երկխոսությունը տարիներ շարունակ մթագնում է հաշտության պայմանագրի բացակայությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ճապոնիան հավակնում է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Հաբոմայի կղզիներին՝ հիմնվելով 1855թ. կնքված Սահմանների և առևտրի երկկողմ տրակտատի վրա: Այս կղզիների վերադարձի հարցը պաշտոնական Տոկիոն որպես նախապայման է դրել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքման համար:

Նշվում է, որ փաստաթուղթը պետք է ստորագրվեր Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, սակայն այդպես էլ չի ստորագրվել:

1956թ. Ճապոնիան ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Համատեղ հռչակագիր, համաձայն որի՝ պաշտոնական Մոսկվան համաձայնում է ուսումնասիրել Հաշտության համաձայնագրի կնքումից հետո Հաբոմայի և Շիկոտան կղզիների հավանական փոխանցումը Ճապոնիային: Սակայն մյուս կղզիների հարցը դրված չի եղել: ԽՍՀՄ-ն ակնկալում էր, որ տվյալ փաստաթուղթը վերջակետ կդներ երկու պետությունների միջև տարաձայնություններին: Սակայն Ճապոնիան կարծում էր, որ փաստաթուղթը խնդիրը միայն մասամբ է լուծում: Հետագա բանակցություններն ապարդյուն են եղել:

Մոսկվայի ներկայիս դիրքորոշումն այն է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԽՍՀՄ կազմում Հարավային Կուրիլյան կղզիների ներառումը վերանայման ենթակա չէ: