Կարծում եմ՝ գաղտնալսումն արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից. Ալեն Սիմոնյան

13:17 • 13.09.18

Ես վստահ եմ, որ գաղտնալսման ձայնագրությունը հրապարակելը պլանավորված երկար ակցիա է, և ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ ձայնագրություններ հայտնվեն:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Որովհետև երեկվա հարցուպատասխանի ժամանակ և իրենց տրամադրվածությունից ելնելով նման միտում, այնուամենայնիվ, տեսնում եմ»,- ասաց նա և ներկայացրեց իր տեսակետը, թե որն է եղել նման ակցիայի պլանը:

«Ես կարծում եմ՝ պլանը եղել է հետևյալը, որ նման  ձայնագրություն է ի հայտ գալիս, դրա հետևանքով ԱԱԾ տնօրենը,  ՀՔԾ պետը հրաժարական են տալիս, և քիչ անց հայտնվում է ևս մեկ ձայնագրություն, որը վերաբերում է, չգիտեմ, գուցե ինձ, կամ Նիկոլ Փաշինյանին, և հարց է առաջ քաշվում, թե դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, թե իրենք բազմիցս ասել են, որ բաց են և որևէ բանից վախենալու պատճառ չունեն:

«Մենք այնքան բաց ենք, որ, այո՛, ես կարող եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր՝ գնալ ՀՀ գործող դատավորներին ասել՝ «ժողովո՛ւրդ, դուխո՛վ եղեք՝ գործե՛ք օրենքի շրջանակներում, և եթե  օրենքը ձեզ ասում է, որ այս հանցագործությունների հետ կապված խափանման միջոցը պետք է կալանքը լինի, այլ տարբերակ չկա, դուք պետք է գործեք օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա:

Իսկ թե ում կողմից էր պլանավորված, Սիմոնյանն ասաց, որ իր կարծիքով՝ գաղտնալսումն արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից:

«Որովհետև ես քաղաքական թիմ այստեղ չեմ տեսել, ես տեսնում եմ մի քանի փաստաբան, նկատի չունեմ այն մարդկանց, ովքեր ներկայացնում են նրան դատարանում, այլ մարդկանց, ովքեր զբաղված են Քոչարյանի փաստաբանությամբ, և դրան միացել է ՀՀԿ-ն՝ այլընտրանք  չունենալով, լինելով պառակտված, չունենալով ակնհայտ լիդեր»,- ասաց նա: Իսկ թե նրանք միանալու եզրեր ունեն, Ալեն Սիմոնյանն ասաց, որ միանալու տրամաբանությունը լինելու է այն, թե ում դեմ են միանում:

«Այսինքն՝ իրենք միանալու են հանուն ինչ-որ բանի, իրենք միանալու են ընդդեմ այսօրվա գործող իշխանության, Փաշինյանի և մեր թիմի, փորձելու են մեզ վարկաբեկել»,- եզրափակեց նա: