ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում՝14 ուղևորով «Իլ-20» ինքնաթիռի անհետանալու մասին

09:51 • 18.09.18

Սիրիայի Հմեյմիմ շրջանում ռուսական բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան կորցրել է կապը օդատիեզերական ուժերի Իլ-20 ինքնաթիռի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անձնակազմի հետ կապը կորել է Միջերկրական ծովում Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 14 մարդ:

Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը սկսել է որոնողա-փրկարարական գործողություն:

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Իլ-20-ն անհետացել է ռադարներից Լաթաքիա շրջանի վրա չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարությունը:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պահին օդային տարածքի վերահսկողության ռուսական ռադիոտեղորոշիչ միջոցները նաև գրանցել են այդ շրջանում գտնվող Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Օվերն» հածանավից հրթիռների արձակում: