Սա այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել․ Զ. Մնացականյանը՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անցկացումը Երևանից Մոսկվա տեղափոխվելու մասին

12:59 • 18.10.18

Սա այն հարցերից է, որին պետք է պրագմատիկ վերաբերվել. կառավարության նիստից հետո լրագողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անցկացումը Երևանից Մոսկվա տեղափոխվելու հարցին՝ այսպես ասաց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Չգիտեմ ՝ ինչպես է կարգավիճակը, բայց ես կխորհրդակցեմ իմ գործընկերների հետ: Հայաստանում կանցնի այսօր, թե ոչ, հարցը պետք է որոշվի պրագմատիկ ճանապարհով»,- ասաց նա՝ նշելով, որ դրա մեջ ինքը խնդիր չի տեսնում:

Պատասխանելով ՀՀ-ում հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հիմնախնդրի մասին հայտարարությանը վերաբերող հարցին, թե ինչ կարծիք ունի դրա վերաբերյալ, արտգործնախարարը հիշատակեց՝ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՀՀ-ի դիրքորոշումը, որը հայտնի է, չի փոխվել և ներկայացված է կառավարության ծրագրում: 

Իսկ հարցին, թե տողատակեր չի տեսնում նա ԱՄՆ դեսպանի ասածի տակ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց՝ ոչ: «Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավոր է մեկ օր բանակցություններում քննարկվի «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևը, նախարարը պատասխանեց․ «Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին»:





Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին՝  Զոհրաբ Մնացականյանը նշեց․ «Շարունակում ենք կոնսուլտացիաները, քննարկումները, այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում ՝տարբեր պատճառներով, և կառույցների կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե բանակցություններ, նոր հանիպումներ ԼՂ հիմնահարցի շուրջ հնարավո՞ր են, քանի որ նկատելի է բանակցությունները սառել են,  Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ « Ինչպե՞ս են սառել: Հինգ ամսվա մեջ երկու անգամ հանդիպել ենք»: Հետո հավելեց, որ իր և Էլմար Մամեդյարովի երկու հանդիպումներն ու Փաշինյանի և Ալիևի հանդիպումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթաց է:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի հետ կապված էլ ասաց, նախարարը արձագանքեց, թե պատրաստվում են: «Մենք ունենք մեր օրակարգը ԱՄՆ-ի հետ, որը հաստատված և ձևավորված օրակարգ է․ կա տարածաշրջանային և գլոբալ օրակարգ, որոնց շուրջ խոսելու ենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՆԱՏՕ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները զարգացնելու մասին քննարկումներ լինեն, նա պատասխանեց․ «Մենք ունենք մեր ձևավորած դիրքորոշումները և մնում ենք դրանց շրջանակներում»: