Սաուդացի ընդդիմադիր լրագրողին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում. դեպքին անդրադարձել են Սպիտակ տունն ու ՄԱԿ-ը
Սպիտակ տունը ցավ է հայտնել սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկջիի սպանության առնչությամբ և խոստացել է համագործակցություն քննության հետ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել է, որ լրագրողը մահացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում վեճի ժամանակ: Այս գործով ձերբակալվել է 18 սաուդացի, ինչպես նաև պաշտոններից ազատվել են գահաժառանգ արքայազնի գլխավոր օգնականները, այդ թվում՝ ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին:
«Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս ողբերգական դեպքի միջազգային հետաքննությանը... Մենք վշտացած ենք այն առնչությամբ, որ լսեցինք պարոն Խաշկջիի մահվան հաստատումը, և խորը ցավակցում ենք նրա ընտանիքին, հարսնացուին ու ընկերներին»,- ասել է Սառա Սանդերսը:
Սարսափելի դեպքին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը կոչ է արել մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրողի սպանության գործով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը կարծում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշկջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:
Օրերս Խաշկջիի գործով Սաուդյան Արաբիա և Թուրքիա էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:










