«Սրանք երբևէ Իրանի նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, բայց դրանք չեն վնասի իրանցի ժողովրդին». Պոմպեո

10:20 • 05.11.18

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով նոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել է, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:

Ինչպես նշում է The Guardian-ը, պետքարտուղարն ընդգծել է, որ «խիստ պատժամիջոցները կստիպեն Իրանին վերջ տալ ահաբեկչության ֆինանսավորման պրակտիկային»:

Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնած քայլերի արդյունքում «Իրանը կկտրվի նավթային շուկայից»:

Նշվում է, որ պատժամիջոցները կվերաբերեն նաև երկրի ֆինանսական հատվածը ներկայացնող 600 անձի ու ընկերության:

«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,-հայտարարել է Պոմպեոն:

Պետքարտուղարը նաև նշել է, որ Թեհրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանումից հետո ԵՄ ընկերությունները չեն կարողանա միաժամանակ աշխատել թե՛ ամերիկյան, թե՛ իրանական շուկաներում:

Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու իրավունք է ստացել, քանի որ այս տարի դուրս է եկել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից:

Հայտնի է, որ Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ Միացյալ Նահանգների: Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցել:

Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»: Նրանցից շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրել են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները: