Ուկրաինայի ԶՈՒ-ն լիարժեք մարտական պատրաստության է բերվել. ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է պահանջել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հարցով (տեսանյութ)

10:18 • 26.11.18

Ուկրաինայի զինված ուժերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ բերվել են լիարժեք մարտական պատրաստության, հայտնում է tass.ru–ն՝ երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Հայտնի է, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակի ֆոնին առաջարկել է երկրում 60 օրով ռազմական դրություն մտցնել: Նման առաջարկով է հանդես եկել նաև երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Այժմ առաջարկն օրինագծի տեսքով պետք է քննարկվի Գերագույն ռադայում, որի նիստը կայանալու է նոյեմբերի 26-ին:

Մինչդեռ gazeta.ru-ն հավելում է, որ ռուսական կողմը պահանջել է Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացման ու դրան հաջորդած իրադարձությունների ֆոնին Ռուսաստանը պահանջել է նոյեմբերի 26-ին ԱԽ-ի՝ բաց ձևաչափով շտապ նիստ գումարել»,-ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին:

Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն են վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահամապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:

 



Այնուհետև Ռուսաստանը Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու 25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:  

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար:

Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 6 ուկրաինացի զինծառայող:

Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է նավերը վերցնելու ու զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու փաստերը:

Հաղորդվել է նաև ՌԴ պետական սահմանը խախտելու առնչության քրեական գործ հարուցելու մասին: