Մերկելի ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով հարկադրված վայրէջք է կատարել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը կառավարական ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով ստիպված է եղել ընդհատել դեպի Արգենտինա թռիչքն ու վերադառնալ Գերմանիա, գրում է TACC-ը՝ DPA գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ կանցլերի թռիչքը տևել է ընդամենը մեկ ժամ, երբ Նիդերլանդների տարածքում անձնակազմը Գերմանիա վերադառնալու որոշում է կայացրել, և որոշ ժամանակ անց Airbus А340 «Կոնրադ Ադենաուեր» ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Քյոլնի օդանավակայանում:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ Մերկելը G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Արգենտինա կմեկնի միայն ուրբաթ առավոտյան: Նրա խոսքով՝ կանցլերն ու նրան ուղեկցող պատվիրակության անդամները կգիշերեն Քյոլնում, իսկ առավոտյան Մերկելը, Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցն ու պատվիրակության որոշ անդամներ կմեկնեն Մադրիդ, որտեղից էլ չարտերային չվերթով կուղևորվեն Բուենոս Այրես:
Նշվում է, որ ինքնաթիռը Բեռլինից մեկնել է տեղական ժամանակով ժամը 19:00-ին (երևանյան ժամանակով ժամը 22:00-ին) և վայրէջք է կատարել Քյոլնում 21:00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 00:00-ին): Խնդիրը հայտնաբերելուց հետո Մերկելը որոշ ժամանակ զրուցել է անձնակազմի անդամների հետ, որից հետո հայտարարել է խափանման պատճառով Գերմանիա վերադառնալու որոշման մասին:
Նախնական տվյալներով՝ խնդիրը կապված է եղել էլեկտրամատակարարման համար պատասխանատու որոշ տարրերի խափանման հետ: Քյոլնում թռիչքուղու վրա ինքնաթիռը դիմավորել են հրշեջ մեքենաներով:










